Հոդված 2
Հոդված 2
1. Սույն համաձայնագրի առարկան մեկ անդամ պետության բրոքերների և դիլերների՝ մյուս անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից անցկացվող՝ արժեթղթերի և (կամ) ածանցյալ ֆինանսական գործիքների՝ կազմակերպված սակարկություններին մասնակցության (պայմանագրերի կնքման, որոնք ածանցյալ ֆինանսական գործիքներ են) (այսուհետ՝ ածանցյալ ֆինանսական գործիքներ) թույլտվության ապահովումն է:
2. Սույն համաձայնագրի դրույթները չեն տարածվում անդամ պետության այն տարածքում գրանցված կամ ստեղծված բրոքերների, դիլերների, բորսաների (առևտրի կազմակերպիչների), քլիրինգային կազմակերպությունների, դեպոզիտարիաների վրա, որի շրջանակներում գործում է հատուկ իրավական ռեժիմ ֆինանսական ոլորտում:
3. Յուրաքանչյուր անդամ պետություն ստեղծում է պայմաններ՝ դիլերային գործունեություն իրականացնելու նպատակով մյուս անդամ պետությունների դիլերների՝ բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվության համար, ինչպես նաև մյուս անդամ պետությունների բրոքերների՝ բացառապես ազգային հաճախորդների և օտարերկրյա հաճախորդների շահերից բխող բրոքերային գործունեություն իրականացնելու համար՝ հաշվի առնելով սույն հոդվածի 10-րդ կետի դրույթները:
4. Մեկ անդամ պետության բրոքերների ու դիլերների՝ մյուս անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվությունը տրամադրվում է ոչ պակաս բարենպաստ պայմաններով, քան այդ մյուս անդամ պետության տարածքում գրանցված բրոքերներին ու դիլերներին բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից տրամադրվող մասնակցության թույլտվության պայմանները՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի դրույթները։
5. Մեկ անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվությունը մյուս անդամ պետությունների բրոքերներին և դիլերներին տրամադրվում է լիցենզիայի (թույլտվության) հիման վրա:
Լիցենզիան (թույլտվությունը) տրամադրվում է այն անդամ պետության օրենսդրության պահանջներին համապատասխան, որտեղ գրանցված է բրոքերը կամ դիլերը: Ընդ որում՝ այդպիսի լիցենզիայի (թույլտվության) առկայության փաստի վրա բարեխղճորեն հիմնվող՝ մեկ անդամ պետության բորսան (առևտրի կազմակերպիչը) իրավունք ունի ելնելու այն հանգամանքից, որ այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից, որի տարածքում գրանցված է բրոքերը կամ դիլերը, իրականացվել է ստուգում, և բրոքեր ընկերությունում կամ դիլեր ընկերությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց, դրա շահառու սեփականատերերի և ուղղակի կամ անուղղակի հսկողություն իրականացնող և (կամ) բրոքերի կամ դիլերի մասով էական ազդեցություն ունեցող անձանց մոտ հանցագործություն կատարելու համար չհանված կամ չմարված դատվածության առկայության փաստ չի հայտնաբերվել այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում գրանցված է բրոքերը կամ դիլերը։
6. Բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվության դեպքում բրոքերներին և դիլերներին հնարավորություն է տրվում՝
1) կազմակերպված սակարկությունների ժամանակ հայտեր ներկայացնել և գործարքներ կնքել (բորսայի (առևտրի կազմակերպչի) պահանջները կատարելու պայմանով).
2) դառնալ քլիրինգի մասնակիցներ՝ այն անդամ պետության տարածքում գրանցված քլիրինգային կազմակերպության ծառայությունների օգտագործմամբ, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը) (այդպիսի կազմակերպության պահանջները կատարելու պայմանով).
3) ստանալ կազմակերպված սակարկություններին և քլիրինգին մասնակցության տեխնիկական հասանելիություն (այդ տեխնիկական հասանելիությունը տրամադրող անձի պահանջները կատարելու պայմանով).
4) անդամ պետությունների դեպոզիտարիաներում (կենտրոնական դեպոզիտարիաներում) բացել համապատասխան հաշիվներ (դեպոզիտարիայի (կենտրոնական դեպոզիտարիայի) պահանջները կատարելու պայմանով):
7. Մեկ անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվությունը մյուս անդամ պետությունների բրոքերներին և դիլերներին կարող է տրամադրվել կազմակերպված սակարկություններին, դեպոզիտարային և քլիրինգային ծառայություններին հեռահար հասանելիության ապահովման միջոցով:
8. Մեկ անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվությունը մյուս անդամ պետությունների բրոքերներին և դիլերներին տրամադրվում է նրանց կողմից այն անդամ պետության օրենսդրության պահանջների պահպանման պայմանով, որտեղ գրանցված է այդ բորսան (առևտրի կազմակերպիչը), այդ թվում՝ արժեթղթերի շուկայի կարգավորման ոլորտում (ներառյալ՝ արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների շուկայում բրոքերային և դիլերային գործառնություններ կատարելը), արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների շուկայում չարաշահումներին հակազդելու ոլորտում, ներառյալ՝ շուկայի մանիպուլյացիան և ներքին (ինսայդերական) տեղեկատվության ոչ իրավաչափ օգտագործումը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում, բորսայական, քլիրինգային և դեպոզիտարային գործունեության ոլորտում, ինչպես նաև բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից սահմանված կանոնների պահպանման պայմանով։
Այն անդամ պետության օրենսդրությամբ (անդամ պետության լիազորված մարմնի կողմից) սահմանվող լիցենզիոն պահանջները, բրոքերային կամ դիլերային գործունեությանը ներկայացվող պահանջներն ու պրուդենցիալ վերահսկողության նորմատիվները, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը), չեն տարածվում մյուս անդամ պետությունների բրոքերների և դիլերների վրա:
Հաճախորդների հետ բրոքերի փոխգործակցությունն իրականացվում է այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով (անդամ պետության լիազորված մարմնի կողմից), որտեղ գրանցված է այդ բրոքերը:
9. Անդամ պետության օրենսդրությանը համապատասխան դեպոզիտարային գործունեություն իրականացնող՝ մեկ անդամ պետության բրոքերները և (կամ) դեպոզիտարիաները (կենտրոնական դեպոզիտարիան) իրավունք ունեն հաշիվներ բացելու մյուս անդամ պետությունների դեպոզիտարիաներում (կենտրոնական դեպոզիտարիաներում)՝ այդ մյուս անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով։
Բրոքերը և (կամ) դեպոզիտարիան (կենտրոնական դեպոզիտարիան), որոնց համար բացվել է օտարերկրյա անվանատիրոջ հաշիվը, պարտավոր են ապահովել այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված՝ դեպոզիտային գործունեությանը ներկայացվող պահանջների կատարումը, որի տարածքում իր գործունեությունն է իրականացնում այն դեպոզիտարիան (կենտրոնական դեպոզիտարիան), որում բացված է այդպիսի հաշիվ:
10. Անդամ պետությունը, հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված պահանջների կատարումը, իրավունք ունի որոշակի ժամկետով սահմանելու սահմանափակումներ ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև այն երրորդ պետությունների ու տարածքների ռեզիդենտների նկատմամբ, որոնց այդ անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվություն ունեցող՝ անդամ պետությունների բրոքերներն իրավունք չունեն ծառայություններ մատուցելու այդ անդամ պետության տարածքում։
Բորսան (առևտրի կազմակերպիչը) այն անդամ պետության լիազորված մարմնի հետ համաձայնեցված ժամկետի ընթացքում, որտեղ այն գրանցված է, սահմանված ընթացակարգով կասեցնում է այն բրոքերի՝ կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվությունը, որը շարունակում է այդ բորսայում (առևտրի կազմակերպչում) իրականացնել բրոքերային գործունեություն՝ երրորդ պետությունների ու տարածքների այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ռեզիդենտների շահերից ելնելով, որոնց նկատմամբ գործում են սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված սահմանափակումները, և վերականգնում է թույլտվությունը անդամ պետության կողմից այդ սահմանափակումները հանվելու կամ անդամ պետության և բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից սահմանված պահանջները բրոքերի կողմից կատարվելու դեպքում։ Տեխնիկական հնարավորության առկայության դեպքում բրոքերի՝ կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվությունը կասեցվում է միայն բրոքերի կողմից կատարվող՝ այդ հաճախորդների շահերից բխող գործառնությունների մասով։ Ընդ որում՝ մինչև բրոքերի՝ կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվությունը կասեցնելը, նրա կողմից կնքված գործարքների մասով հաշվարկները պետք է ավարտին հասցվեն։
11. Յուրաքանչյուր անդամ պետություն ֆինանսական համակարգի կայունության պահպանման և (կամ) տնտեսական ռիսկերի կանխարգելման համար (բացառիկ դեպքերում) կարող է սահմանել ինչպես այդ անդամ պետության բրոքերների ու դիլերների, այնպես էլ տվյալ անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվություն ունեցող՝ մյուս անդամ պետությունների բրոքերների ու դիլերների կողմից արժեթղթերով ու ածանցյալ ֆինանսական գործիքներով տվյալ անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններում գործառնությունների կատարման ժամանակավոր հատուկ կարգն ու պայմանները։ Այդպիսի միջոցների կիրառումը դադարեցվում է այն դեպքում, երբ դրանց սահմանումը պայմանավորող հանգամանքների գործողությունը կդադարի։