Հոդված 4
Հոդված 4
Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման հաստատումը Միության մաքսային տարածքից դրանց արտահանման շրջանակներում և կարգավորման առանձին միջոցների պահպանման ապահովումը
1. Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը Միության մաքսային տարածքից դրանց արտահանման շրջանակներում հաստատվում է այն դեպքերում, երբ արտահանման մաքսատուրքերի և ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառումը (այսուհետ՝ կարգավորման առանձին միջոցներ) կախված է ապրանքների ծագումից՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը։
Սույն հոդվածի կիրառման նպատակների համար դիտարկվում են միայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29 ի պայմանագրի 47-րդ հոդվածին համապատասխան, անդամ պետությունների կողմից միակողմանիորեն սահմանվող ոչ սակագնային կարգավորման հետևյալ միջոցները՝
ապրանքների արտահանման արգելք,
ապրանքների արտահանման քանակական սահմանափակումներ,
ապրանքների արտահանման թույլատրման կարգ։
2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ ապրանքների ծագման հաստատումն անհրաժեշտ է միայն այն ապրանքների համար, որոնց նկատմամբ կիրառվում են կարգավորման առանձին միջոցները, և նույնանման ապրանքների համար ու միայն կարգավորման այդպիսի առանձին միջոցների գործողության ժամանակահատվածում։
Ընդ որում, նույնանման ապրանքներ ասելով պետք է հասկանալ այն ապրանքները, որոնք դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի միևնույն ծածկագրի տակ և ունեն նույն նկարագրությունը, ինչ այն ապրանքները, որոնց մասով սահմանվել են կարգավորման առանձին միջոցներ՝ ապրանքների ծագմամբ պայմանավորված:
Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ ապրանքի ծագման հաստատում չի պահանջվում Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 27-րդ և 29-րդ խմբերում դասակարգվող ապրանքների համար։
3. Կարգավորման առանձին միջոց սահմանող անդամ պետությունը նախապես, սակայն ոչ ուշ, քան դրա սահմանման օրվանից 3 օրացուցային օր առաջ ծանուցում է Հանձնաժողովին այդ միջոցի սահմանման, ապրանքների, որոնց վրա այն տարածվում է, և դրա գործողության ժամկետի մասին։ Ծանուցմանը կցվում է անդամ պետության այն նորմատիվ իրավական ակտի անվանումը, որի համաձայն սահմանվում է կարգավորման առանձին միջոցը։ Այն դեպքում, երբ նորմատիվ իրավական ակտը կազմվել է ռուսերենից տարբեր այլ լեզվով, ծանուցմանը նաև կցվում է այդ նորմատիվ իրավական ակտի ռուսերեն թարգմանությունը։
4. Հանձնաժողովը վարում է կարգավորման առանձին միջոցների միասնական ռեեստր և ապահովում է դրա տեղադրումը «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում Միության պաշտոնական կայքում (այսուհետ՝ Ինտերնետ ցանց): Նշված ռեեստրի ձևը հաստատվում է Հանձնաժողովի կողմից։
Սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված ծանուցման հիման վրա Հանձնաժողովը ոչ ուշ, քան այդ ծանուցումն ստանալու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ապահովում է կարգավորման առանձին միջոցների միասնական ռեեստրի թարմացումը, ինչպես նաև համապատասխան տեղեկատվության հրապարակումը Ինտերնետ ցանցում Միության պաշտոնական կայքում․
գրավոր ծանուցում է անդամ պետությունների՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված պետական իշխանության մարմիններին, անդամ պետության լիազորված և մաքսային մարմիններին՝ կարգավորման առանձին միջոցի սահմանման, ապրանքների, որոնց վրա այն տարածվում է և դրա գործողության ժամկետի մասին։
5. Սույն հոդվածի դրույթներով չեն շոշափվում Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման հաստատման հետ կապված՝ երրորդ երկրի տարածք դրանց ներմուծման շրջանակներում այն իրավունքները և պարտավորությունները, որոնք սահմանված են Միության՝ այդպիսի երրորդ կողմի հետ միջազգային պայմանագրով, անդամ պետության՝ այդպիսի երրորդ կողմի հետ միջազգային պայմանագրով, այն միջազգային պայմանագրով, որի մասնակիցներն են բոլոր անդամ պետությունները, կամ այդպիսի երրորդ կողմի օրենսդրությամբ։
6. Սույն հոդվածի դրույթներով չեն շոշափվում Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման հաստատման հետ կապված իրավունքներն ու պարտավորությունները երրորդ երկրի տարածք դրանց ներմուծման շրջանակներում՝ սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքում։