Հոդված 6
Հոդված 6
Լիազորված մարմինները
1. Անդամ պետությունը սահմանում է լիազորված մարմիններ։
Լիազորված մարմինները Հանձնաժողով են ներկայացնում հետևյալ տեղեկությունները՝
լիազորված մարմնի անվանումը.
լիազորված մարմնի հասցեն (գտնվելու վայրը).
լիազորված մարմնի պաշտոնական կայքի հասցեն Ինտերնետ ցանցում.
լիազորված մարմնի կոնտակտային հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեն:
Նշված տեղեկությունները ենթակա են հրապարակման Ինտերնետ ցանցում՝ Միության պաշտոնական կայքում:
2. Լիազորված մարմինների վերաբերյալ տեղեկությունների փոփոխման դեպքում համապատասխան տեղեկատվությունն այդ լիազորված մարմինների կողմից ուղարկվում է Հանձնաժողով՝ այդպիսի փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրից ոչ ուշ:
Հանձնաժողովն ապահովում է լիազորված մարմինների վերաբերյալ տեղեկությունների արդիականացումը Ինտերնետ ցանցում՝ Միության պաշտոնական կայքում:
3. Ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրումն իրականացնում են լիազորված մարմինները՝ սույն համաձայնագրի 1-ին հավելվածի կարգին համաձայն, եթե այլ բան սահմանված չէ Միության՝ երրորդ կողմի հետ միջազգային պայմանագրով, անդամ պետությունների՝ երրորդ կողմի հետ միջազգային պայմանագրով, այն միջազգային պայմանագրով, որի մասնակիցն են բոլոր անդամ պետությունները, Հանձնաժողովի որոշումներով կամ այն երրորդ երկրի օրենսդրությամբ, որի տարածք նախատեսվում է ապրանքների ներմուծումը:
4. Մաքսային գործառնությունների իրականացումը պարզեցնելու, արտահանմանն աջակցելու և անդամ պետությունների ծագում ունեցող ու Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների համար երրորդ երկրի շուկայի հասանելիության ապահովմանն օժանդակելու նպատակով՝ լիազորված մարմինները ստեղծում են վերիֆիկացման էլեկտրոնային համակարգեր։Վերիֆիկացման էլեկտրոնային համակարգը պետք է ապահովի երրորդ երկրի իրավասու պետական մարմնի կողմից ապրանքի ծագման հավաստագրի տրամադրման փաստի, ինչպես նաև այդպիսի հավաստագրում պարունակվող տեղեկությունների՝ մաքսային հայտարարագրման ժամանակ հայտագրված տեղեկությունների հետ համապատասխանության ստուգման իրականացման հնարավորությունը՝ անդամ պետությունում տրամադրված ապրանքի ծագման հավաստագրերի տվյալների էլեկտրոնային բազայում պարունակվող տեղեկատվության հիման վրա:
5. Լիազորված մարմիններն իրավունք ունեն նշանակելու փորձաքննության անցկացում՝ ապրանքների ծագումը որոշելու նպատակով:
6. Ապրանքների ծագման հավաստումը, ինչպես նաև ապրանքների ծագումը որոշելու նպատակով փորձաքննության անցկացումն իրականացվում են վճարովի հիմունքներով, եթե այլ բան սահմանված չէ անդամ պետությունների օրենսդրությամբ:
7. Ապրանքների ծագման հավաստման արժեքի վերաբերյալ տեղեկությունները լիազորված մարմինների կողմից ուղարկվում են Հանձնաժողով և ենթակա են հրապարակման Ինտերնետ ցանցում՝ Միության պաշտոնական կայքում։