Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչները

1. Սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերության մեջ նշված դեպքում ապրանքների ծագումը որոշելիս երկրի ծագում ունեցող ապրանք է համարվում սույն հոդվածով սահմանված չափորոշիչներին բավարարող ապրանքը։

2. Ամբողջությամբ երկրում ստացված (արտադրված) ապրանք են համարվում՝

1) օգտակար հանածոները, հանքային արտադրանքը և այլ բնական ռեսուրսներ, որոնք արդյունահանվել են երկրի ընդերքից, դրա տարածքում, դրա տարածքային ծովում (երկրի այլ ջրավազանում) կամ դրա հատակից կամ այդ երկրի տարածքում մթնոլորտային օդից․

2) երկրում աճեցված և (կամ) հավաքված բուսական ծագման արտադրանքը.

3) երկրում ծնված և (կամ) բուծված (մեծացած) կենդանի կենդանիները.

4) կենդանի կենդանիներից՝ երկրում ստացված արտադրանքը.

5) երկրում որսորդական և ձկնորսական արդյունագործությամբ ստացված արտադրանքը․

6) ծովային ձկնորսական արդյունագործական արտադրանքը և երկրում գրանցված ու դրա դրոշի ներքո նավարկող նավի կողմից երկրի տարածքային ծովի (ջրերի) սահմաններից դուրս արդյունահանված (որսված) ծովային արդյունագործական այլ արտադրանք․

7) այն արտադրանքը, որն ստացվել կամ արտադրվել է բացառապես սույն կետի 6-րդ ենթակետում նշված արտադրանքից՝ երկրում գրանցված և դրա դրոշի ներքո նավարկող վերամշակող նավի վրա․

8) երկրի տարածքային ծովի (ջրերի) սահմաններից դուրս՝ ծովի հատակից կամ ծովի ընդերքից ստացված արտադրանքը՝ պայմանով, որ երկիրն ունի այդ ծովի հատակից կամ այդ ծովի ընդերքի ռեսուրսների մշակման բացառիկ իրավունքներ.

9) վերամշակման կամ երկրում իրացման մասով արտադրական կամ այլ գործողությունների արդյունքում ստացված թափոններն ու ջարդոնը (երկրորդային հումքը)․

10) երկրում հավաքված այն օգտագործված արտադրատեսակները, որոնք այլևս չեն կարող կատարել իրենց նախնական գործառույթը ու պիտանի են միայն օգտահանման և (կամ) որպես հումք վերամշակման համար․

11) երկրում գրանցված (այդ թվում՝ դրա կողմից վարձակալված)՝ բաց տիեզերքում տիեզերական ապարատների վրա ստացված արտադրանքը․

12) երկրի տարածքում արտադրված՝ էլեկտրական, ջերմային և այլ տեսակի էներգիան․

13) բացառապես սույն կետի 1-12-րդ ենթակետերում նշված արտադրանքից երկրում արտադրված ապրանքները։

3. Այն ապրանքը, որն արտադրվել է անդամ երկրների և (կամ) երրորդ երկրների ծագում ունեցող ապրանքների օգտագործմամբ կամ այն ապրանքների օգտագործմամբ, որոնց ծագումն անհայտ է (այսուհետ՝ ծագում չունեցող ապրանքներ), համարվում է այն անդամ պետության ծագում ունեցող, որի տարածքում այդ ապրանքը վերջին անգամ ենթարկվել է մշակման կամ վերամշակման, որը ենթադրում է, սույն հոդվածի 4-րդ կետում նշվածներից բացի, այլ գործողությունների իրականացում։

4. Ծագում չունեցող ապրանքների օգտագործմամբ արտադրված ապրանքը չի համարվում անդամ պետության ծագում ունեցող, եթե ծագում չունեցող այդպիսի ապրանքների նկատմամբ կատարվել են միայն ապրանքի ծագման վրա ազդեցություն չունեցող հետևյալ գործողությունները՝

1) ապրանքի պահպանման և (կամ) տրանսպորտային փոխադրման ժամանակ պահպանվածության ապահովմանն ուղղված գործողություններ.

2) վաճառքի և տրանսպորտային փոխադրման համար ապրանքը նախապատրաստելու գործողություններ (խմբաքանակների մասնատում, առաքումների կազմավորում, տեսակավորում, վերափաթեթավորում), փաթեթվածքի կազմատման և հավաքման գործողություններ.

3) լվացում, մաքրում, փոշեհեռացում.

4) մաղով կամ քարամաղով մաղում, տեսակավորում, դասակարգում, ընտրում, հավաքում (այդ թվում՝ արտադրատեսակների կոմպլեկտների ստեղծում).

5) հավաքման պարզ գործողություններ (որոնց իրականացման համար հատուկ հմտություններ, այդպիսի գործողությունների իրականացման համար նախատեսված մեքենաներ, ապարատներ կամ այլ սարքավորումներ չեն պահանջվում) կամ ապրանքների կազմատում մասերի.

6) սույն կետի 1-5-րդ ենթակետերում նշված երկու կամ ավելի գործողությունների համակցում:

5. Ապրանքների ծագումը որոշելիս հաշվի չի առնվում հետևյալ նյութերի ծագումը, որոնք կարող են օգտագործվել արտադրության ժամանակ և չեն ներառվում ապրանքի կազմում՝

1) վառելիք, էլեկտրական, ջերմային և այլ տեսակի էներգիա

2) գործիքներ, դրոշմահատոցներ և մամլաձևեր,

3) պահեստամասեր և նյութեր, որոնք օգտագործվում են սարքավորումների և շենքերի տեխնիկական սպասարկման ժամանակ,

4) քսանյութեր, հավելանյութեր և այլ նյութեր, որոնք օգտագործվում են սարքավորումների ու շենքերի արտադրության կամ շահագործման ժամանակ,

5) ձեռնոցներ, ակնոցներ, կոշկեղեն, հագուստ, անվտանգության ապահովման համար նախատեսված սարքավորումներ,

6) սարքավորումներ, սարքվածքներ, որոնք օգտագործվում են ապրանքների թեստավորման կամ ստուգման համար,

7) կատալիզատորներ և լուծիչներ,

8) ցանկացած այլ նյութ, որը ներառված չէ ապրանքի մեջ, բայց որի օգտագործումը դրա արտադրության ժամանակ կարող է ներկայացվել որպես արտադրական գործընթացի մաս:

6. Մեքենաների, սարքավորումների, ապարատների կամ տրանսպորտային միջոցների հետ օգտագործման համար նախատեսված հարմարանքների, պարագաների, պահեստամասերի, գործիքների և տեղեկատվական նյութերի ծագման երկիր է համարվում մեքենաների, սարքավորումների, ապարատների կամ տրանսպորտային միջոցների ծագման միևնույն երկիրը, եթե այդ հարմարանքները, պարագաները, պահեստամասերը, գործիքները և տեղեկատվական նյութերն արտահանվում և օգտագործվում են նշված մեքենաների, սարքավորումների, ապարատների կամ տրանսպորտային միջոցների հետ այն կոմպլեկտայնությամբ ու այն քանակով, որոնք, տեխնիկական փաստաթղթերի համաձայն, սովորաբար մատակարարվում են տվյալ սարքվածքների հետ:

7. Այն փաթեթվածքը և տարան, որոնք մատակարարվում են դրանց մեջ գտնվող ապրանքների հետ, համարվում են այն նույն երկրի ծագումն ունեցող, որն ունի ապրանքը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ փաթեթվածքն ու տարան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի մեկնաբանման հիմնական կանոններին համապատասխան, պետք է դասակարգվեն ապրանքից առանձին։ Նման դեպքում փաթեթվածքի ու տարայի ծագումը որոշվում է ապրանքի ծագումից առանձին։

8. Եթե սույն հոդվածով սահմանված՝ ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչների կիրառումը թույլ չի տալիս որոշել ապրանքի ծագումը, ապա ապրանքի ծագումը համարվում է անհայտ։ Նման դեպքում լիազորված մարմինը՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունի տրամադրելու ապրանքի ծագումը որոշելու անհնարինությունը հաստատող փաստաթուղթ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։