Հոդված 16. Գիտական կադրերի պատրաստումը և որակավորումը: Գիտական աստիճանները և գիտական կոչումները
Հոդված 16. Գիտական կադրերի պատրաստումը և որակավորումը: Գիտական աստիճանները և գիտական կոչումները
1. Գիտական կադրերի պատրաստման հիմնական ձևերն են` ասպիրանտուրա, օրդինատուրա, դոկտորանտուրա և հայցողների համակարգ: Ասպիրանտուրայում, օրդինատուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգը սահմանում է կառավարությունը:
2. Գիտական որակավորման իրավական հիմքերը և չափանիշները սահմանում է կառավարությունը, իսկ դրանց իրականացումն ապահովում է որակավորման պետական համակարգը:
3. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են գիտության դոկտորի և գիտության թեկնածուի գիտական աստիճաններ, պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ:
4. Պրոֆեսորի գիտական կոչումը, որպես կանոն, շնորհվում է գիտության դոկտորի գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր իրենց գործունեության վերջին հինգ տարիներին զբաղվել են գիտամանկավարժական և գիտամեթոդական գործունեությամբ կամ առնվազն պաշտպանած գիտական հինգ թեզերի ղեկավար են:
5. Դոցենտի գիտական կոչումը, որպես կանոն, շնորհվում է գիտության թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր իրենց գործունեության վերջին երեք տարիների ընթացքում բուհական համակարգում իրականացրել են գիտամանկավարժական գործունեություն:
6. Մշակույթի և սպորտի բնագավառներում պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումների շնորհման կարգը սահմանում է կառավարությունը:
7. Գիտական աստիճանները շնորհում են գիտական կազմակերպություններին առընթեր մասնագիտական խորհուրդները` կառավարության սահմանած կարգով:
8. Գիտական աստիճանները հաստատում և համապատասխան դիպլոմներով ամրագրում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովը` կառավարության սահմանած կարգով: Դիպլոմների նմուշները հաստատում է կառավարությունը:
9. Գիտական կոչումները շնորհվում են բուհերի և գիտական կազմակերպությունների գիտական խորհուրդների որոշմամբ` կառավարության սահմանած կարգով:
Գիտական կոչումները հաստատում և համապատասխան դիպլոմներով ամրագրում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովը: Դիպլոմների նմուշները հաստատում է կառավարությունը:
10. Գիտական աստիճանի և (կամ) գիտական կոչման առկայությունը հաշվի է առնվում գիտական աշխատողի կողմից տվյալ գիտական պաշտոնին հավակնելու դեպքում:
11. Գիտական աստիճանները և (կամ) կոչումները, որոնք շնորհվել են մինչև 1993 թվականը, պահպանում են իրենց իրավաբանական ուժը և հավասարեցվում են դրանից հետո շնորհված գիտական աստիճաններին և (կամ) կոչումներին: