Հոդված 8. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան
Հոդված 8. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (այսուհետ` ԳԱԱ) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 129 հոդվածի, սույն օրենքի, այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի հիման վրա և դրանցում նախատեսված կարգով ու սահմանված հիմքով ձեռք է բերում և իրականացնում սույն հոդվածի 8-րդ կետում ամրագրված` իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ և պարտականություններ:
2. ԳԱԱ-ն Հայաստանի Հանրապետության գիտական բարձրագույն կենտրոնն է, որը միավորում է իր համակարգի գիտական կազմակերպությունները, ԳԱԱ իսկական և թղթակից անդամներին, գիտնականներին և գիտական աշխատողներին, համակարգում է հանրապետությունում իրականացվող հիմնարար գիտական հետազոտությունները:
3. ԳԱԱ-ն գործում է սույն օրենքի, այլ օրենքների և նորմատիվ իրավական ակտերի ու իր կանոնադրության հիման վրա:
4. ԳԱԱ կառավարման մարմիններն են` ԳԱԱ իսկական և թղթակից անդամների ընդհանուր ժողովը, ԳԱԱ նախագահությունը և ԳԱԱ նախագահը: Նախագահությունը և նախագահն ընտրվում են ընդհանուր ժողովում` ԳԱԱ անդամների կազմից, հաշվետու և պատասխանատու են ընդհանուր ժողովի առջև:
ԳԱԱ կառավարման մարմինների կարգավիճակը սահմանվում է ԳԱԱ կանոնադրությամբ, որն ընդունում է ընդհանուր ժողովը և հաստատում կառավարությունը:
5. Հայաստանի Հանրապետությունում գիտական քաղաքականության մշակման, իրականացման և գիտության կառավարման ոլորտում ԳԱԱ-ն ունի հատուկ կարգավիճակ և պետության հետ ունեցած հարաբերություններում անմիջականորեն առնչվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ: ԳԱԱ նախագահն իրավունք ունի մասնակցել կառավարության նիստերին:
6. ԳԱԱ-ն կառավարության պաշտոնական գիտական խորհրդատուն է, որի առաջարկները պարտադիր կարգով քննարկում են կառավարության և պետական կառավարման համապատասխան մարմինները: Պետական կառավարման մարմինները քննարկումներն անցկացնում են համապատասխան առաջարկները ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում: ԳԱԱ պաշտոնական ներկայացուցիչներն իրավունք ունեն անմիջականորեն մասնակցել իրենց ներկայացրած առաջարկությունների քննարկմանը, որի մասին նրանց նախապես գրավոր տեղեկացնում են պետական կառավարման համապատասխան մարմինները:
7. ԳԱԱ գործունեության բազային և նպատակային-ծրագրային ֆինանսավորումը պետական բյուջեում նշվում է առանձին տողով:
8. ԳԱԱ-ն`
ա) կազմակերպում և իրականացնում է հիմնարար ու կիրառական հետազոտություններ գիտության հիմնախնդիրների վերաբերյալ.
բ) համակարգում է գիտական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում կատարվող հիմնարար հետազոտությունները.
գ) մասնակցում է Հայաստանի Հանրապետության գիտատեխնիկական քաղաքականության սկզբունքների մշակմանը և պետական գիտական ծրագրերի ստեղծմանը.
դ) մասնակցում է գիտահետազոտական ծրագրերի փորձաքննության սկզբունքների և մեթոդների մշակմանը, սահմանված կարգով իրականացնում է փորձաքննություն հիմնարար գիտությունների բնագավառում.
ե) իրականացնում է գիտական, կրթական և մշակութային ներդաշնակ համակարգի ձևավորմանն ու հանրապետության գիտական ներուժի զարգացմանն ուղղված` օրենսդրությամբ սահմանված այլ գործունեություն.
զ) իր կանոնադրությամբ հաստատված կարգով կազմակերպում է ԳԱԱ իսկական և թղթակից անդամների ընտրությունը և շնորհում է համապատասխան տիտղոսներ.
է) շնորհում է ակադեմիկոսի գիտական տիտղոս, որը Հայաստանի Հանրապետությունում կարող է շնորհել միայն ԳԱԱ-ն.
ը) ԳԱԱ իսկական և թղթակից անդամներին տրամադրում է ցմահ պատվո վճար, որի չափը սահմանում է կառավարությունը.
թ) օրենսդրությամբ սահմանված կարգով ձևավորում է փորձագիտական, խորհրդատվական մարմիններ, խմբեր կամ ԳԱԱ համակարգի այլ ստորաբաժանումներ:
9. ԳԱԱ և նրա համակարգի կազմակերպությունների գույքը ենթակա չէ սեփականաշնորհման: ԳԱԱ և նրա համակարգի կազմակերպությունների չօգտագործվող գույքը վարձակալության հանձնվելու դեպքում ստացված գումարներն օգտագործվում են նրանց կանոնադրական խնդիրներն իրականացնելու համար:
10. ԳԱԱ-ն վերակազմակերպվում և լուծարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
(8-րդ հոդվածը խմբ., լրաց. 02.05.01 ՀՕ-182)