Հոդված 23. Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորումը
Հոդված 23. Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորումը
1. Գիտական և գիտատեխնիկական քաղաքականության իրականացման հիմնական միջոցներից է բյուջետային ֆինանսավորումը:
2. Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման համար, սկսած 2002 թվականից, պետությունը միջոցներ է հատկացնում պետական բյուջեի տարեկան ծախսային մասի երեք տոկոսից ոչ պակաս չափով: Այդ միջոցներն ուղղվում են բարձրորակ գիտական կադրերի պատրաստմանն ու որակավորման բարձրացմանը, ինչպես նաև գիտական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը, նոր տեխնոլոգիաների մշակմանն ու սարքավորումների ձեռքբերմանը:
3. Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման աղբյուրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն.
բ) պայմանագրերից գոյացած միջոցները.
գ) հիմնադրամները, ներառյալ` արտասահմանյան ու միջազգային կազմակերպությունների հատկացումները, քաղաքացիների ներդրումները և այլն.
դ) դրամաշնորհները.
ե) վարկերը.
զ) գիտական, հրատարակչական, խորհրդատվական և օրենքով չարգելված այլ գործունեությունից գոյացած միջոցները.
է) գիտական արդյունքների ներդրումից և իրացումից գոյացած միջոցները:
4. Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորումն իրականացվում է հետևյալ ձևերով.
ա) բազային ֆինանսավորում, որը հատկացվում է գիտական պետական կազմակերպություններում հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման, գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման ու գիտական կադրերի պատրաստման նպատակներով.
բ) նպատակային-ծրագրային ֆինանսավորում, որն իրականացվում է մրցութային հիմունքներով և ուղղված է գիտության ու տեխնիկայի առաջնային ուղղություններին համապատասխանող գիտատեխնիկական պետական ծրագրերի կատարմանը.
գ) պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում, որն ուղղված է գիտնականների և հետազոտական խմբերի (կոլեկտիվների) նախաձեռնությամբ ներկայացված ու մրցութային կարգով ընտրված հետազոտական նախագծերի իրականացմանը:
Պետական բյուջեից նշված երեք ձևով ֆինանսավորման ծավալների միջև համամասնությունները որոշվում են պետական բյուջեի մասին օրենքով: Պետական բյուջեից գիտության ֆինանսավորման ընդհանուր ծավալում բազային ֆինանսավորման մասնաբաժինը հաստատվում է պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ: