Հոդված 12. Գիտական և գիտատեխնիկական ոլորտի պետական քաղաքականության նպատակներն ու սկզբունքները
Հոդված 12. Գիտական և գիտատեխնիկական ոլորտի պետական քաղաքականության նպատակներն ու սկզբունքները
1. Գիտական և գիտատեխնիկական ոլորտի պետական քաղաքականության հիմնական նպատակներն են`
ա) հանրապետության գիտական ու գիտատեխնիկական ներուժի զարգացումը, դրա ռացիոնալ տեղաբաշխումը և պահպանումը, գիտական ու գիտատեխնիկական կադրերի պատրաստման արդյունավետ համակարգի ձևավորումը, հասարակության մտավոր ներուժի վերարտադրումը.
բ) տնտեսության զարգացման նպատակով գիտության և տեխնիկայի նվաճումների ներդրման խրախուսումը.
գ) սոցիալական խնդիրների լուծմանը նպաստելը.
դ) մարդու, հասարակության և պետության անվտանգությանն աջակցելը.
ե) գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը.
զ) երկրի բնապահպանական վիճակի բարելավումը.
է) միջազգային գիտատեխնիկական համակարգին ինտեգրումը.
ը) գիտատեխնիկական մշակույթի զարգացումը և տարածումը.
թ) գիտության ժամանակակից ենթակառուցվածքի և տեղեկատվական ապահովման համակարգի ձևավորումը:
2. Գիտական և գիտատեխնիկական ոլորտում պետական քաղաքականության իրականացման հիմնական սկզբունքներն են`
ա) գիտության` իբրև պետության և հասարակության գործունեության բոլոր ոլորտներում գիտականորեն հիմնավորված մոտեցումների առաջատար դերի ընդունումը.
բ) հիմնարար գիտական հետազոտությունների, գիտության և տեխնիկայի գերակա ուղղությունների զարգացման ապահովումը.
գ) գիտության և տեխնիկայի բնագավառում մրցակցությանն ու ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելը.
դ) գիտական, գիտատեխնիկական և ինովացիոն գործունեության խրախուսումը.
ե) մտավոր սեփականության իրավական պաշտպանվածությունը և դրա արդյունավետ օգտագործման պայմանների ստեղծումը.
զ) գիտական և գիտատեխնիկական միջազգային համագործակցության զարգացումը.
է) գիտության հասարակական վարկի բարձրացումը, գիտական և գիտատեխնիկական կադրերի բարեկեցության, նրանց սոցիալական, տնտեսական և իրավական պաշտպանվածության ապահովումը.
ը) հեռանկարային երիտասարդ գիտնականների ընտրության և խրախուսման համակարգի ստեղծումը.
թ) գիտատեխնիկական գործունեության սուբյեկտների ստեղծագործական ազատության ճանաչումը:
(12-րդ հոդվածը փոփ. 02.05.01 ՀՕ-182)