Հոդված 9
Հոդված 9.
Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները և ուժերը
1. Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով կարող են օգտագործվել ոստիկանության, ազգային անվտանգության և պաշտպանության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները։ Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ այդ որոշմամբ նախատեսված դեպքերում` պարետի որոշմամբ, արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացման համար կարող են ներգրավվել պետական կառավարման համակարգի այլ մարմիններ և Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված կամ 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ կազմակերպությունները (մարմինների և կազմակերպությունների միջոցները և ուժերը), ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները՝ միջոցառումներն իրականացնելով որպես պատվիրակված լիազորություն:
2. Ոստիկանության, ազգային անվտանգության և պաշտպանության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները գործադրվում են հետևյալ խնդիրներն իրականացնելու նպատակով.
1) արտակարգ դրության տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի իրականացման ապահովում.
2) ռեժիմային, հատուկ ռեժիմային և հատուկ պահպանվող օբյեկտների, բնակչության կենսագործունեությունն ու տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն.
3) անօրինական զինված միավորումների գործունեության դադարեցում.
4) արտակարգ իրավիճակների կանխում, հնարավոր հետևանքների նվազեցում և վերացում, մարդկանց կյանքի, առողջության երաշխավորում և նյութական արժեքների պահպանություն.
5) սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին և 5-րդ կետերով նախատեսված սահմանափակումների ապահովում:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված խնդիրների իրականացման համար պաշտպանության պետական լիազոր մարմնի ուժերը (այսուհետ` զինված ուժեր) կարող են ներգրավվել միայն այն դեպքում, եթե այդ խնդիրները հնարավոր չէ ապահովել ոստիկանության և ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերով:
4. Զինված ուժերի ներգրավումը պետք է առավելապես ուղղված լինի սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նշված խնդիրների իրականացմանը և ապահովվի ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերի հետ փոխգործակցության և փոխօգնության շրջանակներում։
5. Զինված ուժերի զինծառայողները ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք և մարտական տեխնիկա կիրառում են «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի և մարտական տեխնիկայի կիրառման պայմաններին, կարգին ու սահմաններին համապատասխան։
6. Զինված ուժերի այն զինծառայողները, որոնք կարող են ներգրավվել սույն հոդվածի 2-րդ մասում նշված խնդիրների իրականացմանը, անցնում են հատուկ պատրաստություն՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից այդ խնդիրների իրականացման նպատակով գործադրվող հմտությունների և մեթոդների վերաբերյալ: Սույն հոդվածով սահմանված դեպքերում արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը կարող են ներգրավվել միայն այդ պատրաստությունն անցնելուց հետո:
(9-րդ հոդվածը լրաց., փոփ. 29.04.20 ՀՕ-238-Ն)
(հոդվածը 24.10.24 ՀՕ-431-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից)