Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՌԵԺԻՄԸ

Հոդված 26. ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԱՆՁԱՆՑ ՈՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ և ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26. ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԱՆՁԱՆՑ ՈՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ և ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Պետական սահմանի անցման կետերում ուղևորների և բեռների միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կայանման տեղն ու տևողությունը որոշում են օդանավակայանի, երկաթուղային կայարանի, ավտոմոբիլային կայանի և տրանսպորտային կազմակերպությունների ղեկավարները` համաձայնեցնելով սահմանապահ զորքերի և մաքսային մարմինների հետ:

Մաքսային հսկողություն, սահմանային վերահսկողություն և օրենքով նախատեսված դեպքերում սահմանային այլ վերահսկողության կամ հսկողության գործառույթ իրականացնելու ժամանակամիջոցում անձանց մուտքն ուղևորների և բեռների միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներ սահմանափակվում է, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է նաև արգելվել:

Հայաստանի Հանրապետությունից մեկնող և Հայաստանի Հանրապետություն ժամանող տրանսպորտային միջոցներ ուղևորների նստելն ու դրանցից իջեցնելը, ինչպես նաև բեռնումն ու բեռնաթափումն իրականացվում են սահմանապահ զորքերի և մաքսային մարմինների թույլտվությամբ:

Տրանսպորտային կազմակերպությունների պաշտոնատար անձինք, տրանսպորտային միջոցների սեփականատերերը կամ նրանց լիազորած անձինք սահմանապահ զորքերի ներկայացուցչի կամ մաքսային մարմինների պահանջով պարտավոր են զննման նպատակով բացել կնքված վագոնները, ավտոմեքենաները, տրանսպորտային միջոցները և դրանցով տեղափոխվող բեռները:

Ուղևորների և բեռների միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները կարող են Հայաստանի Հանրապետությունից մեկնել և Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործել, ինչպես նաև փոխել կայանման տեղը միայն սահմանապահ զորքերի և մաքսային մարմինների թույլտվությամբ:

(26-րդ հոդվածը խմբ., փոփ. 06.07.22 ՀՕ-326-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։