Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-26-ից մինչև 2026-05-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԿԱՐԳԸ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ՎԵՐՍԿՍՈՒՄԸ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հոդված 28. Ծառայողական քննության դադարեցումը

գործել է մինչև 2026-05-09Բացել ARLIS-ում

Հոդված 28. Ծառայողական քննության դադարեցումը

1. Ծառայողական քննությունը ցանկացած փուլում դադարեցվում է, եթե՝

1) խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողը մահացել է կամ ազատվել ծառայությունից, և կարգապահական պատասխանատվության ենթակա ոստիկանության այլ ծառայողներ չկան.

2) լրացել են սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված ժամկետները.

3) խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողը, իրեն լրիվ մեղավոր ճանաչելով, տվել է գրավոր համաձայնություն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, ինչպես նաև հիմնավորված բացատրություն քննվող դեպքի վերաբերյալ, եթե չկան բավարար հիմքեր՝ ենթադրելու, որ նա այդ գործողությամբ ցանկանում է պարտակել խախտում կատարած այլ անձանց կամ այլ խախտում.

4) խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողի արարքում բացակայում են խախտման հատկանիշները.

5) խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողի մասնակցությունը խախտման կատարմանն ապացուցված չէ, և սպառված են նոր փաստական տվյալներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները.

6) ծառայողական քննություն նշանակելու դեպք հանդիսացող փաստերի վերաբերյալ առկա է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ կամ համաներման ակտ։

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ծառայողական քննությունը դադարեցնում է ծառայողական քննությունն իրականացնող անձը։ Դադարեցման փաստը հաստատում է իրավասու ստորաբաժանման ղեկավարը՝ եզրակացության հիման վրա։ Մյուս հիմքերի առկայության դեպքում ծառայողական քննությունը դադարեցնում է ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձը՝ եզրակացության հիման վրա։

3. Ծառայողական քննությունը դադարեցնելու դեպքում ծառայողական քննությունն իրականացնող անձը կազմում է եզրակացություն՝ ամփոփելով առկա իրավիճակը։

4. Ծառայողական քննությունը դադարեցվում է, եթե ծառայողական քննության ընթացքում պարզվում է, որ ոստիկանության ծառայողը գործել է «Ոստիկանության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պայմաններում: Այս դեպքում ծառայողական քննություն իրականացնողը կազմում է եզրակացություն, որը ներկայացվում է ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձին։ Ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձի որոշմամբ խախտում կատարած ոստիկանության ծառայողն ազատվում է կարգապահական տույժից։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։