Հոդված 5.1. Էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը
Հոդված 5.1. Էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը
1. Էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինն իր իրավասության շրջանակներում անմիջականորեն իրագործում է էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականությունը, ինչպես նաև օժանդակում է էներգետիկայի բնագավառի պետական կարգավորմանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինն էներգետիկայի բնագավառում՝
ա) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերը.
բ) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում իր իրավասությունների շրջանակից բխող՝ էներգետիկայի բնագավառի նորմատիվ իրավական ակտերը, այդ թվում՝ էներգետիկ օբյեկտների շահագործման և անվտանգության կանոններն ու պահանջները.
գ) համագործակցում է հանձնաժողովի հետ` էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական առևտրի խթանման, էներգետիկայի բնագավառում միջպետական համագործակցության ընդլայնման ուղղությամբ.
դ) առաջարկություններ է ներկայացնում հանձնաժողովին մինչև 30 ՄՎտ դրվածքային հզորությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության՝ հանձնաժողովի կողմից տրամադրվող լիցենզիաների շրջանակներում տարեկան գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների վերաբերյալ` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերը.
ե) համաձայնություն է տալիս հանձնաժողովի կողմից 30 ՄՎտ և ավելի դրվածքային հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների տրամադրմանը` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերը.
զ) համաձայնություն է տալիս հանձնաժողովի ներկայացրած շուկայի կանոններին.
է) համաձայնություն է տալիս հանձնաժողովի ներկայացրած էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի մատակարարման անխուսափելի սահմանափակումների հանգեցնող պայմաններում իրականացվելիք գործողությունների ծրագրերին.
ը) համաձայնություն է տալիս հանձնաժողովի ներկայացրած էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության ցուցանիշներին.
թ) նախապատրաստում և Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում էներգետիկայի բնագավառում պետություն-մասնավոր գործընկերության գործարքների վերաբերյալ առաջարկություններ, մասնակցում դրանց իրականացմանը:
(5.1-ին հոդվածը լրաց. 07.02.18 ՀՕ-100-Ն)