Հոդված 5. Խորհրդի կազմավորման կարգը
Հոդված 5. Խորհրդի կազմավորման կարգը
1. Խորհուրդը բաղկացած է յոթ անդամից, որի կազմում են`
1) արդարադատության նախարարը կամ նրա նշանակմամբ՝ իր տեղակալը.
2) երեք դատախազ, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը (այսուհետ` գլխավոր դատախազ).
3) երեք դատավոր, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը՝ քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացմամբ դատավորների ներկայացվածությամբ:
2. Խորհրդի անդամները, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անդամների, նշանակվում են չորս տարի ժամկետով: Եթե Խորհրդի համապատասխան անդամի լիազորությունները դադարել են սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված հիմքով, ապա նոր անդամը նշանակվում է նախկին անդամի լիազորությունների ժամկետի ավարտին մնացած ժամկետով։
3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված Խորհրդի անդամները չեն կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Խորհրդի անդամ:
4. Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի կազմից` նրա անդամների ձայների մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ, դատախազ և դատավոր անդամների միջև ռոտացիոն կարգով: Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված Խորհրդի անդամը չի կարող ընտրվել Խորհրդի նախագահ։
5. Խորհրդի նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով, իսկ եթե նրա` որպես Խորհրդի անդամի լիազորությունների ժամկետի ավարտին մնացել է մեկ տարուց պակաս, ապա այդ ժամկետով։
6. Խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով։
7. Խորհրդի դատավոր կամ դատախազ անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են`
1) իր հիմնական պաշտոնում լիազորությունները դադարելու և նույն համակարգում սույն հոդվածի 1-ին մասի համապատասխանաբար 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված պահանջներին համապատասխանող պաշտոնի չնշանակվելու դեպքում.
2) իր գրավոր դիմումի համաձայն` այդ մասին տեղեկացնելով Խորհրդին, ինչպես նաև իրեն նշանակող մարմնին կամ պաշտոնատար անձին:
8. Խորհրդի դատավոր անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են նաև, եթե մեկ այլ դատարանում դատավորի պաշտոնի նշանակվելու հետևանքով խախտվում է սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված մասնագիտացումներով դատավորների ներկայացվածության համամասնությունը:
9. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված Խորհրդի անդամ արդարադատության նախարարի տեղակալի՝ որպես Խորհրդի անդամի լիազորությունները ցանկացած ժամանակ կարող է վաղաժամկետ դադարեցնել նախարարը։
(5-րդ հոդվածը փոփ. 19.05.14 ՀՕ-27-Ն)