Հոդված 8. Խորհրդի նիստերը և որոշումներ կայացնելու կարգը
Հոդված 8. Խորհրդի նիստերը և որոշումներ կայացնելու կարգը
1. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են տարեկան առնվազն չորս անգամ:
2. Խորհրդի արտահերթ նիստերը կարող է հրավիրել Խորհրդի նախագահը` իր նախաձեռնությամբ, ինչպես նաև արդարադատության նախարարի, գլխավոր դատախազի, Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի (այսուհետ նաև` Ուսումնական հարցերի հանձնաժողով), Խորհրդի առնվազն երեք անդամների կամ Ռեկտորի պահանջով։ Արդարադատության նախարարը կարող է արտահերթ նիստեր հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գալ միայն սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-6-րդ, 8-11-րդ կետերով նախատեսված հարցեր քննարկելու համար։
3. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Խորհրդի առնվազն 4 անդամ, իսկ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում` առնվազն երեք անդամ։
4. Խորհուրդը սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 12-19-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկում և դրանց մասին որոշում է կայացնում հետևյալ կազմերով.
1) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց, դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց, դատավորների, դատական ծառայողների, դատական կարգադրիչների վերաբերյալ` միայն դատավոր և սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անդամներով.
2) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, դատախազների, դատախազությունում պետական ծառայողների, դատական կարգադրիչների վերաբերյալ` միայն դատախազ և սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անդամներով։
5. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կազմերով հարցեր քննարկելիս Խորհրդի՝ համապատասխանաբար դատախազ կամ դատավոր անդամները խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են նիստին:
6. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հարցերի քննարկման ժամանակ Խորհրդի նիստը նախագահում է Խորհրդի նախագահը, եթե նա նաև Խորհրդի համապատասխան կազմի անդամ է։ Հակառակ դեպքում Խորհրդի տվյալ կազմի անդամները ձայների մեծամասնությամբ իրենց կազմից սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետով ընտրում են Խորհրդի նիստը նախագահող։
7. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը և Ռեկտորն իրավունք ունեն խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու Խորհրդի նիստերին։ Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել Խորհրդի որոշմամբ հրավիրված այլ անձինք։
8. Բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ, իսկ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կազմերով գործելիս՝ առնվազն 3 ձայնով` կողմ կամ դեմ քվեարկելով:
9. Խորհրդի նախագահը, իսկ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքում` նիստը նախագահողը իր նախաձեռնությամբ և (կամ) ստացված առաջարկությունների հիման վրա սահմանում է Խորհրդի նիստերի օրակարգերը։
10. Խորհրդի արձանագրություններն ու որոշումները ստորագրում է Խորհրդի նախագահը, իսկ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում ստորագրում են նիստը նախագահողը և նիստին մասնակցող անդամները։
11. Ռեկտորը Խորհրդի նիստերի օրակարգի և ժամի մասին գրավոր տեղեկացնում է Խորհրդի անդամներին առնվազն 3 աշխատանքային օր առաջ։
12. Խորհրդի աշխատանքների տեխնիկական սպասարկումը և գործավարությունը կազմակերպում է Ռեկտորը։
(8-րդ հոդվածը փոփ. 13.06.18 ՀՕ-354-Ն, 21.01.20 ՀՕ-66-Ն)