Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-10-29-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ

Հոդված 19. Ուսուցման ծրագիրը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 19. Ուսուցման ծրագիրը

1. Ուսումնական գործընթացն անցկացվում է Խորհրդի հաստատած կրթական չափորոշիչների հիման վրա կազմված և սույն օրենքով նախատեսված կարգով հաստատված ուսուցման ծրագրերով` սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված բացառությունների հաշվառմամբ:

2. Ակադեմիայում իրականացվող ուսուցման ծրագրերն են`

1) դատավորների թեկնածուների հավակնորդների, դատավորների թեկնածուների, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների, քննիչների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց, այդ թվում՝ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված կարգով դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիրը.

2) սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձանց վերապատրաստման ծրագրերը.

3) սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձանց լրացուցիչ վերապատրաստման ծրագրերը.

4) դատավորների, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց, քննիչների դատախազների և դատական կարգադրիչների հատուկ ուսուցման ծրագրերը:

3. Կրթական չափորոշիչները հաստատվում են Խորհրդի` սույն հոդվածի 7-րդ մասով սահմանած կարգով:

4. Մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 1-ը Ուսումնական հարցերի հանձնաժողովը, արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը, իսկ դատական կարգադրիչների դեպքում՝ նաև դատական դեպարտամենտի ղեկավարը Ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձանց հաջորդ տարվա ուսուցման ծրագրերում ներառելու համար: Ներկայացված առաջարկությունների և Խորհրդի հաստատած կրթական չափորոշիչների հիման վրա Ռեկտորը մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը Խորհրդի հաստատմանն է ներկայացնում սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձանց հաջորդ տարվա ուսուցման ծրագրերը:

5. Ոչ ուշ, քան դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի համալրման համար որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարության հրապարակման օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում Ուսումնական հարցերի հանձնաժողովը, արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը Ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագրերում ներառելու համար: Ներկայացված առաջարկությունների և Խորհրդի հաստատած կրթական չափորոշիչների հիման վրա Ռեկտորը կազմում և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման համապատասխան տարվա ուսուցման ծրագիրը Ակադեմիայում դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը սկսելուց առնվազն մեկ ամիս առաջ:

5.1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձանց մասնագիտական պատրաստումը սկսելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ Ռեկտորը կազմում և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում դատավորների թեկնածուների մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիրը:

5.2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգում անցկացնելու վերաբերյալ հայտարարությունը հրապարակելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը և արդարադատության նախարարը Ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ծրագրերում ներառելու համար: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումն սկսելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ Ռեկտորը կազմում և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում համապատասխան անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիրը:

6. Ոչ ուշ, քան դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտերի ընդունման մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը և Ուսումնական հարցերի հանձնաժողովը Ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման հաջորդ տարվա ծրագրերում ներառելու համար: Ներկայացված առաջարկությունների և Խորհրդի հաստատած կրթական չափորոշիչների հիման վրա Ռեկտորը կազմում և դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման հայտարարության հրապարակմանը հաջորդող մեկամսյա ժամկետում Խորհրդի հաստատմանն է ներկայացնում դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման համապատասխան տարվա ուսուցման ծրագիրը:

6.1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված կարգով դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտերի ընդունման մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում գլխավոր դատախազը և արդարադատության նախարարը Ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով զբաղվող դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ծրագրերում ներառելու համար: «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված կարգով դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումն սկսելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ Ռեկտորը կազմում և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում համապատասխան անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիրը:

7. Խորհուրդը հաստատում է Ռեկտորի ներկայացրած ծրագրերը կամ իր որոշմամբ Ռեկտորին առաջարկում է դրանցում կատարել փոփոխություններ: Ծրագրերում առաջարկված փոփոխությունների վերաբերյալ Ռեկտորի անհամաձայնության դեպքում Խորհուրդն իրավունք ունի ծրագրերը իր հաստատմանը կրկին ներկայացնելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում հաստատելու ծրագրերը իր համար նախընտրելի տարբերակով: Ծրագրերը սահմանված ժամկետում Խորհրդի կողմից չհաստատվելու դեպքում դրանք ընդունված են համարվում Ռեկտորի ներկայացրած տարբերակով:

7․1․ Մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 1-ը քննչական կոմիտեի նախագահը ռեկտորին է ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իր առաջարկությունները` սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված անձանց հաջորդ տարվա ուսուցման ծրագրերում ներառելու համար: Ներկայացված առաջարկությունների և քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի հաստատած կրթական չափորոշիչների հիման վրա ռեկտորը մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը կազմում և քննչական կոմիտեի նախագահին է ներկայացնում սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված անձանց հաջորդ տարվա ուսուցման ծրագրերը։

7․2․ Սույն հոդվածի 7.1-ին մասին համապատասխան կազմված ուսուցման ծրագրերն ստանալու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում քննչական կոմիտեի նախագահը ռեկտորին է ներկայացնում իր համաձայնությունը կամ առարկություններն ու դիտողությունները ներկայացված ծրագրերի վերաբերյալ: Ներկայացված առաջարկությունների և դիտողությունների հիման վրա ռեկտորը ըստ անհրաժեշտության վերանայում է ուսուցման ծրագրերը և դրանք ներկայացնում Խորհրդին: Եթե Խորհուրդը իր անդամների ձայների 2/3-ով սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված անձանց ուսուցման ծրագրերը համարում է ամբողջությամբ կամ մասնակի անընդունելի, ապա Խորհրդի որոշումը կայացնելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում քննչական կոմիտեի նախագահը ներկայացնում է ուսուցման ծրագրի վերաբերյալ նոր առաջարկներ, որոնք քննարկվում են սույն հոդվածի 7.1-ին և 7.2-րդ մասերով սահմանված կարգով:

7.3. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով հայտերի ընդունման մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը և արդարադատության նախարարը ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ծրագրերում ներառելու համար: «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումն սկսելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ ռեկտորը կազմում և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում համապատասխան անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիրը:

7.4. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 1-ը ռեկտորին է ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իր առաջարկությունները` սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված անձանց հաջորդ տարվա ուսուցման ծրագրերում ներառելու համար: Ռեկտորը մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը կազմում և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված անձանց հաջորդ տարվա ուսուցման ծրագրերը։

8. Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում համապատասխան մարմինների կողմից ատեստավորման կամ գործունեության գնահատման արդյունքներով դատախազների, քննիչների, դատական ծառայողների, դատախազությունում պետական ծառայողների, քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների և դատական կարգադրիչների նկատմամբ լրացուցիչ վերապատրաստում անցնելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում որոշման կայացումից հետո` երկշաբաթյա ժամկետում, այն ուղարկվում է Ռեկտորին՝ առաջարկություն ներկայացնելով սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված լրացուցիչ վերապատրաստման առարկայական կուրսի կամ թեմաների վերաբերյալ: Նման առաջարկության հետ Ռեկտորին է ներկայացվում նաև լրացուցիչ վերապատրաստման ունկնդիրների ցուցակը:

9. Գործնական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Ուսումնական հարցերի հանձնաժողովը, Բարձրագույն դատական խորհուրդը, գլխավոր դատախազը, քննչական կոմիտեի նախագահը, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կամ արդարադատության նախարարը Ռեկտորին կարող են առաջարկություններ ներկայացնել սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված լրացուցիչ վերապատրաստման առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ: Նման առաջարկության հետ Ռեկտորին է ներկայացվում նաև լրացուցիչ վերապատրաստման ունկնդիրների ցուցակը, կամ նշվում է թիրախային խումբը: Ռեկտորն իրավունք ունի իր նախաձեռնությամբ Խորհուրդ ներկայացնելու լրացուցիչ վերապատրաստման առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ առաջարկություններ:

10. Սույն հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով նախատեսված առաջարկության առկայության դեպքում Ռեկտորը ողջամիտ ժամկետում կազմում և սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով Խորհրդի հաստատմանն է ներկայացնում լրացուցիչ վերապատրաստման ուսուցման ծրագիրը: Խորհուրդը կարող է մերժել լրացուցիչ վերապատրաստման ծրագրի իրականացումը:

11. Ուսուցման ծրագիրը առնվազն ներառում է`

1) կրթական չափորոշիչները.

2) ուսուցման ձևը.

3) ուսումնառության ժամաքանակը և ժամկետը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի.

4) գնահատման եղանակը, եթե ուսուցման ավարտին նախատեսվում է գնահատում.

5) դասավանդվող առարկայական կուրսերի և դրանցում ներառվող թեմաների նկարագիրը:

12. Ուսուցման ծրագրի կատարումն ապահովելու համար կազմվում են ուսումնական պլան և դասավանդման սեղմագրեր:

(19-րդ հոդվածը լրաց., փոփ. 19.05.14 ՀՕ-27-Ն,13.06.18 ՀՕ-354-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-66-Ն, խմբ., լրաց. 16.04.20 ՀՕ-246-Ն, լրաց., խմբ., փոփ. 24.03.21 ՀՕ-154-Ն, լրաց. 14.04.21 ՀՕ-336-Ն)

(24.03.21 ՀՕ-154-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(14.04.21 ՀՕ-336-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։