Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ

Հոդված 19. Ուսուցման ծրագիրը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19. Ուսուցման ծրագիրը

1. Ուսումնական գործընթացն անցկացվում է Խորհրդի հաստատած կրթական չափորոշիչների հիման վրա կազմված և սույն օրենքով նախատեսված կարգով հաստատված ուսուցման ծրագրերով` սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված բացառությունների հաշվառմամբ:

2. Ակադեմիայում իրականացվող ուսուցման ծրագրերն են`

1) դատավորների թեկնածուների հավակնորդների, դատավորների թեկնածուների, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների, քննիչների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց, այդ թվում՝ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված կարգով դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիրը.

2) սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձանց վերապատրաստման ծրագրերը.

3) սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձանց լրացուցիչ վերապատրաստման ծրագրերը.

4) դատավորների, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց, քննիչների դատախազների և դատական կարգադրիչների հատուկ ուսուցման ծրագրերը:

3. Կրթական չափորոշիչները հաստատվում են Խորհրդի` սույն հոդվածի 7-րդ մասով սահմանած կարգով:

4. Մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 1-ը Ուսումնական հարցերի հանձնաժողովը, արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը, իսկ դատական կարգադրիչների դեպքում՝ նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահը Ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձանց հաջորդ տարվա ուսուցման ծրագրերում ներառելու համար: Ներկայացված առաջարկությունների և Խորհրդի հաստատած կրթական չափորոշիչների հիման վրա Ռեկտորը մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը Խորհրդի հաստատմանն է ներկայացնում սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձանց հաջորդ տարվա ուսուցման ծրագրերը:

5. Ոչ ուշ, քան դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի համալրման համար որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարության հրապարակման օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում Ուսումնական հարցերի հանձնաժողովը, արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը Ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագրերում ներառելու համար: Ներկայացված առաջարկությունների և Խորհրդի հաստատած կրթական չափորոշիչների հիման վրա Ռեկտորը կազմում և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման համապատասխան տարվա ուսուցման ծրագիրը Ակադեմիայում դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը սկսելուց առնվազն մեկ ամիս առաջ:

5.1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձանց մասնագիտական պատրաստումը սկսելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ Ռեկտորը կազմում և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում դատավորների թեկնածուների մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիրը:

5.2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգում անցկացնելու վերաբերյալ հայտարարությունը հրապարակելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը և արդարադատության նախարարը Ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ծրագրերում ներառելու համար: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումն սկսելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ Ռեկտորը կազմում և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում համապատասխան անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիրը:

6. Ոչ ուշ, քան դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտերի ընդունման մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը և Ուսումնական հարցերի հանձնաժողովը Ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման հաջորդ տարվա ծրագրերում ներառելու համար: Ներկայացված առաջարկությունների և Խորհրդի հաստատած կրթական չափորոշիչների հիման վրա Ռեկտորը կազմում և դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման հայտարարության հրապարակմանը հաջորդող մեկամսյա ժամկետում Խորհրդի հաստատմանն է ներկայացնում դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման համապատասխան տարվա ուսուցման ծրագիրը:

6.1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված կարգով դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտերի ընդունման մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում գլխավոր դատախազը և արդարադատության նախարարը Ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով զբաղվող դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ծրագրերում ներառելու համար: «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված կարգով դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումն սկսելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ Ռեկտորը կազմում և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում համապատասխան անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիրը:

7. Խորհուրդը հաստատում է Ռեկտորի ներկայացրած ծրագրերը կամ իր որոշմամբ Ռեկտորին առաջարկում է դրանցում կատարել փոփոխություններ: Ծրագրերում առաջարկված փոփոխությունների վերաբերյալ Ռեկտորի անհամաձայնության դեպքում Խորհուրդն իրավունք ունի ծրագրերը իր հաստատմանը կրկին ներկայացնելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում հաստատելու ծրագրերը իր համար նախընտրելի տարբերակով: Ծրագրերը սահմանված ժամկետում Խորհրդի կողմից չհաստատվելու դեպքում դրանք ընդունված են համարվում Ռեկտորի ներկայացրած տարբերակով:

7․1․ Մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 1-ը քննչական կոմիտեի նախագահը ռեկտորին է ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իր առաջարկությունները` սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված անձանց հաջորդ տարվա ուսուցման ծրագրերում ներառելու համար: Ներկայացված առաջարկությունների և քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի հաստատած կրթական չափորոշիչների հիման վրա ռեկտորը մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը կազմում և քննչական կոմիտեի նախագահին է ներկայացնում սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված անձանց հաջորդ տարվա ուսուցման ծրագրերը։

7․2․ Սույն հոդվածի 7.1-ին մասին համապատասխան կազմված ուսուցման ծրագրերն ստանալու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում քննչական կոմիտեի նախագահը ռեկտորին է ներկայացնում իր համաձայնությունը կամ առարկություններն ու դիտողությունները ներկայացված ծրագրերի վերաբերյալ: Ներկայացված առաջարկությունների և դիտողությունների հիման վրա ռեկտորը ըստ անհրաժեշտության վերանայում է ուսուցման ծրագրերը և դրանք ներկայացնում Խորհրդին: Եթե Խորհուրդը իր անդամների ձայների 2/3-ով սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված անձանց ուսուցման ծրագրերը համարում է ամբողջությամբ կամ մասնակի անընդունելի, ապա Խորհրդի որոշումը կայացնելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում քննչական կոմիտեի նախագահը ներկայացնում է ուսուցման ծրագրի վերաբերյալ նոր առաջարկներ, որոնք քննարկվում են սույն հոդվածի 7.1-ին և 7.2-րդ մասերով սահմանված կարգով:

7.3. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով հայտերի ընդունման մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը և արդարադատության նախարարը ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ծրագրերում ներառելու համար: «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումն սկսելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ ռեկտորը կազմում և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում համապատասխան անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիրը:

7.4. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 1-ը ռեկտորին է ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իր առաջարկությունները` սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված անձանց հաջորդ տարվա ուսուցման ծրագրերում ներառելու համար: Ռեկտորը մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը կազմում և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված անձանց հաջորդ տարվա ուսուցման ծրագրերը։

8. Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում համապատասխան մարմինների կողմից ատեստավորման կամ գործունեության գնահատման արդյունքներով դատախազների, քննիչների, դատական ծառայողների, դատախազությունում պետական ծառայողների, քննչական կոմիտեում քաղաքացիական ծառայողների և դատական կարգադրիչների նկատմամբ լրացուցիչ վերապատրաստում անցնելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում որոշման կայացումից հետո` երկշաբաթյա ժամկետում, այն ուղարկվում է Ռեկտորին՝ առաջարկություն ներկայացնելով սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված լրացուցիչ վերապատրաստման առարկայական կուրսի կամ թեմաների վերաբերյալ: Նման առաջարկության հետ Ռեկտորին է ներկայացվում նաև լրացուցիչ վերապատրաստման ունկնդիրների ցուցակը:

9. Գործնական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Ուսումնական հարցերի հանձնաժողովը, Բարձրագույն դատական խորհուրդը, գլխավոր դատախազը, քննչական կոմիտեի նախագահը, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կամ արդարադատության նախարարը Ռեկտորին կարող են առաջարկություններ ներկայացնել սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված լրացուցիչ վերապատրաստման առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ: Նման առաջարկության հետ Ռեկտորին է ներկայացվում նաև լրացուցիչ վերապատրաստման ունկնդիրների ցուցակը, կամ նշվում է թիրախային խումբը: Ռեկտորն իրավունք ունի իր նախաձեռնությամբ Խորհուրդ ներկայացնելու լրացուցիչ վերապատրաստման առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ առաջարկություններ:

10. Սույն հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով նախատեսված առաջարկության առկայության դեպքում Ռեկտորը ողջամիտ ժամկետում կազմում և սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով Խորհրդի հաստատմանն է ներկայացնում լրացուցիչ վերապատրաստման ուսուցման ծրագիրը: Խորհուրդը կարող է մերժել լրացուցիչ վերապատրաստման ծրագրի իրականացումը:

11. Ուսուցման ծրագիրը առնվազն ներառում է`

1) կրթական չափորոշիչները.

2) ուսուցման ձևը.

3) ուսումնառության ժամաքանակը և ժամկետը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի.

4) գնահատման եղանակը, եթե ուսուցման ավարտին նախատեսվում է գնահատում.

5) դասավանդվող առարկայական կուրսերի և դրանցում ներառվող թեմաների նկարագիրը:

12. Ուսուցման ծրագրի կատարումն ապահովելու համար կազմվում են ուսումնական պլան և դասավանդման սեղմագրեր:

(19-րդ հոդվածը լրաց., փոփ. 19.05.14 ՀՕ-27-Ն,13.06.18 ՀՕ-354-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-66-Ն, խմբ., լրաց. 16.04.20 ՀՕ-246-Ն, լրաց., խմբ., փոփ. 24.03.21 ՀՕ-154-Ն, լրաց. 14.04.21 ՀՕ-336-Ն, փոփ. 16.11.22 ՀՕ-426-Ն, 23.12.22 ՀՕ-589-Ն)

(24.03.21 ՀՕ-154-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(14.04.21 ՀՕ-336-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։