Հոդված 1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի 2017-2020 թվականների մասնավորեցման նպատակները
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի 2017-2020 թվականների մասնավորեցման նպատակները
1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի (այսուհետ՝ պետական գույք) մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) մշակված է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան և նպատակաուղղված է սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններով սահմանված խնդիրների լուծմանը:
2. Պետական գույքի մասնավորեցման ոլորտում 2017-2020 թվականների պետական քաղաքականության հիմնական նպատակներն են՝
1) երկրի տնտեսության մրցունակության և արդյունավետության խթանումը.
2) ընկերությունների պետական բաժնեմասի մասնավորեցման միջոցով դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը և մրցակցային միջավայրի բարելավումը.
3) մասնավորեցման ենթակա ընկերության (օբյեկտի) մասնավորեցման ժամանակ միջազգային պրակտիկայում լայն կիրառություն ունեցող գործիքակազմի և մասնավորեցման ձևերի (մրցույթ, ուղղակի վաճառք և այլն) կիրառման շնորհիվ արդյունավետ տնտեսական գործունեություն իրականացնող գնորդի կամ ներդրողի ընտրությունը.
4) երկրի ՀՆԱ-ի ձևավորման մեջ մասնավոր կապիտալի տեսակարար կշռի ավելացումը և մասնավորեցման քաղաքականության շարունակականության ապահովումը.
5) պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին պետական և համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը: