Հոդված 29. Պաշտպանի լիազորությունները նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման հարցում
Հոդված 29. Պաշտպանի լիազորությունները նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման հարցում
1. Պաշտպանն իրավասու է մինչև մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ընդունումը դրանց վերաբերյալ իրավասու մարմին ներկայացնելու գրավոր կարծիք:
2. Այն բոլոր դեպքերում, երբ Պաշտպանն իր գործունեության ընթացքում պարզում է, որ մարդու իրավունքներին և ազատություններին առնչվող հարցերը օրենքով կամ որևէ այլ իրավական ակտով կարգավորված չեն կամ ունեն ոչ լիարժեք կարգավորում, ապա Պաշտպանը կարող է համապատասխան առաջարկություն ներկայացնել իրավական ակտն ընդունող մարմին՝ նշելով իրավական ակտը փոփոխելու կամ լրացնելու անհրաժեշտությունն ու սահմանները:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված առաջարկությունը ստացած մարմինը պարտավոր է այն քննարկել և արդյունքների մասին սույն օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետում տեղեկացնել Պաշտպանին:
4. Պաշտպանն իրավունք ունի դիմելու Սահմանադրական դատարան օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով:
5. Պաշտպանը կարող է իրականացնել իր աշխատակազմի, ինչպես նաև շահառու մարմինների և կազմակերպությունների՝ մարդու իրավունքներին և ազատություններին առնչվող հարցերով վերապատրաստումներ:
(29-րդ հոդվածը փոփ. 13.06.18 ՀՕ-355-Ն)