Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ

Հոդված 29. Պաշտպանի լիազորությունները մարդու իրավունքների խթանման ոլորտում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29. Պաշտպանի լիազորությունները մարդու իրավունքների խթանման ոլորտում

(վերնագիրը խմբ. 22.10.25 ՀՕ-359-Ն)

1. Պաշտպանն իրավասու է մինչև մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ընդունումը դրանց վերաբերյալ իրավասու մարմին ներկայացնելու գրավոր կարծիք:

2. Այն բոլոր դեպքերում, երբ Պաշտպանն իր գործունեության ընթացքում պարզում է, որ մարդու իրավունքներին և ազատություններին առնչվող հարցերը օրենքով կամ որևէ այլ իրավական ակտով կարգավորված չեն կամ ունեն ոչ լիարժեք կարգավորում, ապա Պաշտպանը կարող է համապատասխան առաջարկություն ներկայացնել իրավական ակտն ընդունող մարմին՝ նշելով իրավական ակտը փոփոխելու կամ լրացնելու անհրաժեշտությունն ու սահմանները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված առաջարկությունը ստացած մարմինը պարտավոր է այն քննարկել և արդյունքների մասին սույն օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետում տեղեկացնել Պաշտպանին:

4. Պաշտպանն իրավունք ունի դիմելու Սահմանադրական դատարան օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով:

4.1․ Պաշտպանն իրավասու է ներկայացնելու իրավական դիրքորոշում (amicus brief) Սահմանադրական դատարան ներկայացված դիմումների առնչությամբ՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով։

5. Աշխատակազմի մասնագիտական վերապատրաստումները և մարդու իրավունքների վերաբերյալ կրթական ծրագրերն իրականացնում է Պաշտպանը՝ իր աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման կամ այլ հաստատության միջոցով: Պաշտպանը կարող է իրականացնել նաև շահառու մարմինների և կազմակերպությունների՝ մարդու իրավունքներին և ազատություններին առնչվող հարցերով վերապատրաստումներ:

6. Պաշտպանն իրականացնում է մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ հարցերով հետազոտություններ, ինչպես նաև հանրության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ:

7. Պաշտպանն իրավասու է խթանելու մարդու իրավունքների միջազգային չափանիշներին Հայաստանի Հանրապետության օրենսդրության և դրա կիրառման համապատասխանեցումը, այդ թվում՝ իրականացնելու մարդու իրավունքների միջազգային չափանիշներին Հայաստանի Հանրապետության օրենսդրության և դրա կիրառման համապատասխանության ուսումնասիրություն և մշտադիտարկում, խթանելու մարդու իրավունքների և ազատությունների ապահովմանն ուղղված միջազգային պայմանագրերի՝ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացումը (միանալը) և Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին ներպետական օրենսդրության և դրա կիրառման համապատասխանեցումը։

(29-րդ հոդվածը փոփ. 13.06.18 ՀՕ-355-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-15-Ն, խմբ., լրաց. 22.10.25 ՀՕ-359-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։