Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-01-ից մինչև 2018-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Հոդված 59. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձի իրավունքները և պարտականությունները

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 59. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձի իրավունքները և պարտականությունները

1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձն իրավունք ունի`

1) բացառիկ իրավունքով կատարելու լեռնահատկացման սահմաններում երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ ընդերքի հատկացված տեղամասում.

2) մտնելու ընդերքի տեղամաս և իրականացնելու նախագծով նախատեսված բոլոր անհրաժեշտ աշխատանքներն օգտակար հանածոների արդյունահանման և ուսումնասիրության նպատակով.

3) օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների իրականացման նպատակով կառուցելու անհրաժեշտ շենքեր, շինություններ, հաղորդակցության ուղիներ, տեղադրելու սարքավորումներ, փոխադրելու, հարստացնելու օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների ընթացքում արդյունահանված օգտակար հանածոներ.

4) տնօրինելու արդյունահանված օգտակար հանածոները.

5) սույն օրենսգրքի պահանջների պահպանմամբ հանքարդյունահանման իրավունքի ընթացքում օգտագործելու սեփական գործունեության արդյունքում առաջացած արտադրական լցակույտերը.

6) իրեն տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի շրջանակում իրականացվող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարմանը քաղաքացիաիրավական պայմանագրերի կնքմամբ ներգրավելու երրորդ անձանց.

7) դիմելու լիազոր մարմին օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի պայմանները փոփոխելու նպատակով, եթե ի հայտ են գալիս էապես նոր` նախկինում չնախատեսված հանգամանքներ.

8) վաղաժամկետ հրաժարվելու օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից` կատարելով պայմանագրով և օրենքով նախատեսված պարտավորությունները:

2. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձն ունի սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված այլ իրավունքներ:

3. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձը պարտավոր է`

1) աշխատանքներն իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան.

2) կատարել լիազոր մարմնի` օրենսդրության պահանջների պահպանման վերաբերյալ տրված ցուցումները.

3) պահպանել օգտակար հանածոյի արդյունահանման, տեղափոխման և վերամշակման ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ընդունված ստանդարտների, նորմերի ու կանոնների պահանջները.

4) ապահովել օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի պահանջների կատարումը.

5) վարել երկրաբանական, մարկշեյդերական և այլ փաստագրություն, պահպանել դրանք ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում.

6) վարել օգտակար հանածոների պաշարների ամենօրյա շարժի գրանցամատյանը.

7) լիազոր մարմին ներկայացնել օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունները.

8) լիազոր մարմնին հանձնել անհրաժեշտ երկրաբանական տեղեկությունը.

9) հավաքել, պահպանել և լիազոր մարմնին տրամադրել ուսումնասիրված, արդյունահանված և ընդերքում կորսված օգտակար հանածոների պաշարների, դրանց պարունակած բաղադրամասերի, որակի ու քանակի մասին տվյալներ.

10) ապահովել ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների կատարման անվտանգությունը.

11) ապահովել ընդերքի, մթնոլորտի, հողի, անտառների, ջրերի ու շրջակա միջավայրի մյուս օբյեկտների, ինչպես նաև շինությունների և այլ կառույցների պահպանությունն ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից.

12) ապահովել բնության, պատմական և մշակույթի հուշարձանների պահպանությունն ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից.

13) նախագծի և օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի համաձայն վերականգնել և բարելավել ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողամասերը (ռեկուլտիվացիա), ինչպես նաև դրանք պիտանի դարձնել տնտեսության մեջ օգտագործման համար կամ բերել անվտանգ վիճակի.

14) լիազոր մարմնին տեղեկացնել օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրում չնշված օգտակար հանածոների կուտակումների հայտնաբերման մասին դրանց հայտնաբերումից հետո` 14 օրվա ընթացքում.

15) նոր հայտնաբերված օգտակար հանածոների արդյունահանում չիրականացնելու դեպքում դրանց պահուստավորումն իրականացնել կառավարության սահմանած կարգով.

16) ապահովել հանքի փակման ծրագրի իրականացումը.

17) ապահովել օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների համար նախատեսված վճարի վճարումը.

18) իրականացնել ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումները:

19) մետաղական օգտակար հանածոների դեպքում ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ եռամսյակային կտրվածքով հաղորդումը, իսկ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը՝ ամփոփ տարեկան հաշվետվությունը:

Ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը տեղադրվում է այդ կայքում.

20) ոչ մետաղական օգտակար հանածոների դեպքում մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը:

Ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը տեղադրվում է այդ կայքում.

21) յուրաքանչյուր 5 տարին մեկ վերանայել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող աշխատանքների ծրագիրը և դրանց իրականացման մշտադիտարկման ցուցիչները:

4. Ոչ ուշ, քան հինգ տարին մեկ անգամ շահագործվող հանքավայրերում (տեղամասերում) կոնդիցիաները և պաշարները ենթարկել վերագնահատման և ներկայացնել լիազոր մարմնի վերահաստատմանը:

5. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձը կրում է սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված այլ պարտականություններ:

(59-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն, լրաց. 18.10.16 ՀՕ-161-Ն, 17.11.17 ՀՕ-214-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։