Հոդված 77. Ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողության ձևերը
Հոդված 77. Ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողության ձևերը
1. Ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողությունն իրականացվում է տեսչական ստուգումների, ստուգումների և ուսումնասիրությունների միջոցով` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան:
Բնօգտագործման վճարի բազայի չափաքանակների (սահմանափակումների) ստուգումների իրականացման համար հիմք է հանդիսանում հարկային մարմնի ստուգումների տարեկան ծրագրում վճարողի ընդգրկված լինելը՝ անկախ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված լինելու հանգամանքից:
2. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը բնօգտագործման վճարի (բացառությամբ ռոյալթիի) բազայի չափաքանակների (սահմանափակումների) ստուգումների ակտերը, ինչպես նաև ստուգմանը վերաբերող նյութերը (այդ թվում՝ ստուգման արդյունքում արձանագրված ելակետային տվյալները համապատասխան կոորդինատային նիշերով և ստուգումների ընթացքում ստացված գծապատկերները (գծագրված լինելու դեպքում) ընդերքօգտագործողին հանձնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է հարկային մարմնին: Ստուգման ակտերի ձևերը հաստատում է լիազոր մարմինը: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմնին է տրամադրում վերջին (նախորդ) ստուգման արդյունքում արձանագրված ելակետային տվյալները (համապատասխան կոորդինատային նիշերով): Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով իրականացված չափագրումների արդյունքներով արձանագրված ելակետային տվյալները (համապատասխան կոորդինատային նիշերով) հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրամադրում է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին` ստուգումների իրականացման ժամանակ կիրառելու նպատակով:
Հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված պահանջների կատարման նկատմամբ հսկողության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմինն ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը փոխանակում են տեղեկություններ:
3. Լիազոր մարմինը պարտավոր է հարկային մարմնին տեղեկություններ տրամադրել կնքված ընդերքօգտագործման պայմանագրերի վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով՝
1) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (պաշտոնատար անձինք) կարող են մասնակցել հարկային մարմնի կողմից անցկացվող համատեղ համալիր հարկային ստուգումներին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
2) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հրամանով կամ հանձնարարագրով տեսչական մարմնի պաշտոնատար անձը կարող է մասնակցել հարկային մարմնի կողմից իրականացվող չափագրումներին:
(77-րդ հոդվածը լրաց., խմբ. 21.12.17 ՀՕ-302-Ն)