Հոդված 39. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագիրը
Հոդված 39. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագիրը
1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումին կից լիազոր մարմին է ներկայացվում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագիրը համաձայնեցման նպատակով:
2. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագիրը պետք է ներառի`
1) կատարվելիք աշխատանքների նպատակներն ու ենթադրվող ժամկետները.
2) աշխատանքների կատարման նախանշված մեթոդները, եղանակները, միջոցները` միջազգային լավագույն փորձին համապատասխան, և մոտավոր ծավալները:
3. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրին կցվում են՝
1) անհրաժեշտ քարտեզագրական նյութերը.
2) շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը, այդ թվում՝ բնապահպանական միջոցառումների ծրագիրը.
3) ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանը և ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանը և վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները:
4. Առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցված աշխատանքային ծրագրի` օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքի իրականացումն արգելվում է:
(39-րդ հոդվածը փոփ., խմբ. 21.06.14 ՀՕ-112-Ն, լրաց.18.10.16 ՀՕ-161-Ն)