Հոդված 17. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորների փոխադրումների կազմակերպման հիմնադրույթները
Հոդված 17. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորների փոխադրումների կազմակերպման հիմնադրույթները
1. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումները (տաքսամոտորային փոխադրումները) կազմակերպվում են բնակչությանը կամ կազմակերպություններին ծառայություններ մատուցելու նպատակով:
Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ կարող են կատարել տվյալ փոխադրումների և տեխնիկական վիճակի պահանջներին համապատասխան ավտոտրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք` լիցենզիայի առկայության դեպքում: Ֆիզիկական անձինք մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ կարող են իրականացնել անձամբ` մեկ ավտոմոբիլով:
Հայաստանի Հանրապետության տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների կազմակերպման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Տաքսամոտորային փոխադրումներն իրականացնողների ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն`
ա) տաքսամետրով (սակաչափիչով).
բ) տանիքին՝ «ՏԱՔՍԻ» գրառմամբ կամ շախմատաձև դեղին և սև տարբերանշանով.
գ) տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության և տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի մասին տեղեկատվությունով.
դ) թափքի կողային մասում և ուղեսրահում գնացուցակով, որն առնվազն պետք է ներառի ուղևորափոխադրման նվազագույն արժեքը (առկայության դեպքում), ուղևորափոխադրման սակագինը, նստելավարձի և (կամ) սպասելավարձի մասին տեղեկատվություն (առկայության դեպքում):
3. Երկդռնանի (չհաշված բեռնախցիկի դուռը), աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ, ձեռքի միջոցով արգելակային կառավարմամբ թեթև մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային փոխադրումների կազմակերպումն (իրականացումը) արգելվում է:
4. Մարդատար-տաքսի ավտոմոբիլների նստեցումները կատարվում են`
ա) տաքսի ավտոմոբիլների համար հատուկ նախատեսված կանգառներում.
բ) ճանապարհափողոցային ցանցի տեղամասերում, որտեղ թույլատրված է համապատասխան ավտոտրանսպորտային միջոցների կանգառը.
գ) ուղևորների պատվերով` ուղևորի նշված վայրում:
(17-րդ հոդվածը խմբ. 20.11.14 ՀՕ-168-Ն)