Հոդված 10. Կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցի կազմակերպումը
Հոդված 10. Կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցի կազմակերպումը
1. Կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների սպասարկումն իրականացվում է չվացուցակի և երթուղու սխեմայի (իսկ ներհամայնքային երթուղիներում՝ սահմանված ուղեգծով) հիման վրա: Չվացուցակը պետք է ապահովի ուղևորների փոխադրման փաստացի պահանջարկի բավարարումը, ավտովարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմի կազմակերպումը, ավտոբուսների արդյունավետ շահագործումը և փոխադրումների անվտանգությունը: Առանց չվացուցակի և երթուղու սխեմայի (իսկ ներհամայնքային երթուղիներում՝ սահմանված ուղեգծով)` երթուղիների սպասարկումն արգելվում է:
1.1. Միջպետական ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է լիազոր մարմինը՝ համագործակցելով այլ պետությունների տրանսպորտի ոլորտը կանոնակարգող համապատասխան լիազոր մարմինների հետ, և հրապարակում լիազոր մարմնի ինտերնետային կայքում:
2. Միջմարզային և ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցերը կազմակերպում է լիազոր մարմինը` համաձայնեցնելով համապատասխան տարածքային կառավարման մարմնի հետ, իսկ Երևան քաղաքի վարչական տարածքով անցնող երթուղիների ուղեգծերը` Երևանի քաղաքապետի հետ:
Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է համապատասխան համայնքի ղեկավարը` համայնքի վարչական տարածքից դուրս եկող երթուղիների ուղեգիծը նախապես համաձայնեցնելով լիազոր մարմնի և համապատասխան տարածքային կառավարման մարմնի հետ:
Երթուղային ցանցերի համաձայնեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների չվացուցակները և երթուղիների սխեմաները մշակում և հաստատում է դրանց երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմինը:
4. Միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիները կարող են կազմակերպվել նաև երթուղային տաքսու ռեժիմով` մշտական ուղևորահոսքի առկայության պայմաններում` չվացուցակներով, փոփոխական ուղևորահոսքի դեպքերում` ըստ ուղևորակուտակումների առաջացման միջակայքերի:
(10-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-17-Ն, փոփ., խմբ. 08.02.18 ՀՕ-106-Ն)