Հոդված 26. Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջները
Հոդված 26. Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջները
1. Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը պետք է համապատասխանի ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար օրենքով սահմանվող պահանջներին:
2. Կազմակերպությունների արտադրական բազաներում կատարվող ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունն ապահովող ագրեգատների ու հանգույցների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայությունները ենթակա են տեխնիկական պահանջներին ծառայությունների համապատասխանության հավաստման` «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Շահագործման մեջ գտնվող ավտոմոբիլների վերասարքավորումները, որոնք ազդեցություն են ունենում ճանապարհային երթևեկության անվտանգության և ավտոտրանսպորտի վնասակար ազդեցությունից շրջակա միջավայրի պաշտպանության վրա, իրականացվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցված և տրանսպորտային համակարգի պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած տեխնիկական փաստաթղթերի հիման վրա:
4. Ընդհանուր օգտագործման ուղևորափոխադրումներում օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների ուղեսրահի նստատեղերի խտացումը, այլ հարմարադասումը, տվյալ ավտոտրանսպորտային միջոցի համար չնախատեսված այլ նստոցների տեղադրումը, ինչպես նաև պատառոտված պաստառներով նստոցների առկայության դեպքում փոխադրումների իրականացումն արգելվում են:
5. Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը, տրանսպորտային համակարգի պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործման կարգը, ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկումներ և նորոգումներ իրականացնող կազմակերպությունների արտադրական բազային և կազմակերպություններում տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու մասնագետների որակավորմանը ներկայացվող պահանջները:
6. Արտադրողի կողմից տեղական նշանակության փոխադրումների համար նախատեսված, ինչպես նաև 17-ից ավելի նստատեղ և ուղևորների նստեցման և իջեցման մեկ դուռ ունեցող ավտոբուսներով ընդհանուր օգտագործման նշանակությամբ փոխադրումների իրականացումն արգելվում է:
7. Լեռնային երթուղիների սպասարկման համար թույլատրվում են արտադրողի սահմանած առնվազն 60 տոկոս գոյապաշար ունեցող կամ նորոգման միջոցով այդ չափանիշն ապահովող ավտոբուսները, ընդ որում` ավտոբուսի անվադողերի պահպանաշերտի նախշի մնացորդային բարձրությունը պետք է լինի 3 մմ-ից ոչ պակաս: Լեռնային երթուղիները սպասարկող ավտոբուսները պետք է կահավորվեն նաև առջևի հակամառախուղային և հետընթացի օժանդակ լուսարձակներով: