Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 26. Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26. Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջները

1. Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը պետք է համապատասխանի ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար օրենքով սահմանվող պահանջներին:

2. Կազմակերպությունների արտադրական բազաներում կատարվող ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունն ապահովող ագրեգատների ու հանգույցների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայությունները ենթակա են տեխնիկական պահանջներին ծառայությունների համապատասխանության հավաստման` «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Շահագործման մեջ գտնվող ավտոմոբիլների վերասարքավորումները, որոնք ազդեցություն են ունենում ճանապարհային երթևեկության անվտանգության և ավտոտրանսպորտի վնասակար ազդեցությունից շրջակա միջավայրի պաշտպանության վրա, իրականացվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցված և տրանսպորտային համակարգի պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած տեխնիկական փաստաթղթերի հիման վրա:

4. Ընդհանուր օգտագործման ուղևորափոխադրումներում օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների ուղեսրահի նստատեղերի խտացումը, այլ հարմարադասումը, տվյալ ավտոտրանսպորտային միջոցի համար չնախատեսված այլ նստոցների տեղադրումը, ինչպես նաև պատառոտված պաստառներով նստոցների առկայության դեպքում փոխադրումների իրականացումն արգելվում են:

5. Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը, տրանսպորտային համակարգի պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործման կարգը:

6. 17-ից ավելի նստատեղ և ուղևորների նստեցման և իջեցման մեկ դուռ ունեցող ավտոբուսներով ներհամայնքային կանոնավոր փոխադրումների իրականացումն արգելվում է, իսկ միջպետական, միջմարզային և ներմարզային նշանակության համար նախատեսված փոխադրումներում ներգրավված համապատասխան ավտոբուսները կարող են ունենալ ուղևորների նստեցման և իջեցման մեկ դուռ, եթե այդ տրանսպորտային միջոցը արտադրողի կողմից նախատեսված է տվյալ տիպի փոխադրումների իրականացման համար:

7. Լեռնային երթուղիների սպասարկման համար թույլատրվում են արտադրողի սահմանած առնվազն 60 տոկոս գոյապաշար ունեցող կամ նորոգման միջոցով այդ չափանիշն ապահովող ավտոբուսները, ընդ որում` ավտոբուսի անվադողերի պահպանաշերտի նախշի մնացորդային բարձրությունը պետք է լինի 3 մմ-ից ոչ պակաս: Լեռնային երթուղիները սպասարկող ավտոբուսները պետք է կահավորվեն նաև առջևի հակամառախուղային և հետընթացի օժանդակ լուսարձակներով:

(26-րդ հոդվածը փոփ., լրաց. 16.12.16 ՀՕ-17-Ն, փոփ. 08.02.18 ՀՕ-106-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։