Հոդված 11. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխայի քաղաքացիությունը
Հոդված 11. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխայի քաղաքացիությունը
Երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Երեխան, ում ծնողներից մեկը նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսն անհայտ է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխան, անկախ այլ պետության քաղաքացիություն ունենալու հանգամանքից, իրավունք ունի ձեռք բերելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն` ծնողների գրավոր համաձայնությամբ:
Համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝
1) եթե նա ծնվել է Հայաստանի Հանրապետությունում կամ,
2) եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ, կամ
3) եթե բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, և առկա է ծնողներից մեկի համաձայնությունը:
(11-րդ հոդվածը խմբ. 07.05.15 ՀՕ-33-Ն, փոփ., խմբ. 06.12.17 ՀՕ-251-Ն)