Հոդված 13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը
Հոդված 13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, եթե`
1) օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում.
2) կարող է բացատրվել հայերեն լեզվով և
3) ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Առանց սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը`
1) որն ամուսնացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա.
2) որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, և որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար.
3) (կետն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-319-Ն)
4) որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից:
Առանց սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը:
Առանց սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև երկրորդ մասով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձը քաղաքացիություն ստանալու դիմումն անձամբ պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանում են քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվում է, եթե տվյալ անձն իր գործունեությամբ վնասում է պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումի մերժումը կարող է չհիմնավորվել:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձը տալիս է հետևյալ երդումը. «Ես` (անուն-ազգանուն), դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երդվում եմ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետությանը, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Պարտավորվում եմ հարգել Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, ազգային մշակույթը և սովորույթները:»:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձը ստորագրում է երդման տեքստը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձին տրվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի մշակած Հայաստանի Հանրապետության օրենսդրության առանձնահատկությունների մասին տեղեկատվական ձեռնարկը:
(13-րդ հոդվածը խմբ. 26.02.07 ՀՕ-75-Ն, փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-319-Ն)