Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ (բացառությամբ անգործունակ ճանաչված անձի կողմից սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դեպքի), օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, եթե`

1) օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում.

2) կարող է բացատրվել հայերեն լեզվով և

3) ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Առանց սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը`

1) որը մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը վերջին երկու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ է գտնվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու hետ և այդ երկու տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերի առկայությամբ բնակվել է Հայաստանի Հանրապետությունում կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի զավակ կամ ծնող.

2) որի ծնողները (կամ նրանցից մեկը) նախկինում ունեցել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, և որը օրենքով սահմանված կարգով վերջին մեկ տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում.

3) (կետն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-319-Ն)

4) որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից.

5) որը Հայաստանի Հանրապետությունում ճանաչվել է փախստական կամ հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող` քաղաքացիություն չունեցող անձ:

Առանց սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը կամ անգործունակ անձը, որի խնամակալը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:

Առանց սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև երկրորդ մասով սահմանված պահանջների պահպանման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած, ինչպես նաև տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց: Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու գործերն ընդունվում, և դրանց ընթացք է տրվում քաղաքացիության գործերի կառավարման էլեկտրոնային տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանում են քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվում է, եթե տվյալ անձն իր գործունեությամբ վնասում է, կամ առկա է հիմնավոր կասկած, որ կարող է վնասել պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումի մերժումը կարող է չհիմնավորվել:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձը տալիս է հետևյալ երդումը. «Ես` (անուն-ազգանուն), դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երդվում եմ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետությանը, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Պարտավորվում եմ հարգել Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, ազգային մշակույթը և սովորույթները:»:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձը ստորագրում է երդման տեքստը: Երդման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում ներկայանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ: Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձինք երդման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայանում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձին Համակարգի միջոցով ուղարկվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:

(13-րդ հոդվածը խմբ. 26.02.07 ՀՕ-75-Ն, փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-319-Ն, փոփ. 19.06.13 ՀՕ-74-Ն, լրաց. 07.05.15 ՀՕ-33-Ն, խմբ. 06.12.17 ՀՕ-251-Ն, լրաց. 31.05.19 ՀՕ-44-Ն, փոփ., լրաց. 08.12.21 ՀՕ-393-Ն, խմբ., լրաց. 07.07.22 ՀՕ-284-Ն, 25.10.23 ՀՕ-334-Ն, փոփ., լրաց., խմբ. 22.01.25 ՀՕ-4-Ն)

(07.07.22 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(22.01.25 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։