Հոդված 29. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հարցերով դիմումների, միջնորդությունների ներկայացման և դրանց քննարկման կարգը
Հոդված 29. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հարցերով դիմումների, միջնորդությունների ներկայացման և դրանց քննարկման կարգը
Քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումները, միջնորդությունները և համաձայնությունները ներկայացվում են գրավոր: Սույն օրենքի 11-րդ, 12.1-ին, 16-րդ, 17-րդ, 18-րդ հոդվածներով պահանջվող համաձայնություններն անձամբ ներկայացնելու անհնարինության դեպքում դրանց վրա անձանց ստորագրության իսկությունը վավերացվում է օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու մասին սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը քննարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին մուտքագրվելու օրվանից սկսած՝ իննսուն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը, ինչպես նաև սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ գործերը քննարկվում են վեցամսյա ժամկետում: Ներկայացված դիմումը մուտքագրվում, և դրան ընթացք է տրվում, եթե կից փաստաթղթերն ամբողջական են և համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Փաստաթղթերի ամբողջականությունն ապահովված չլինելու դեպքում դիմումատուին տեղում՝ բանավոր, ինչպես նաև Համակարգի միջոցով պարզաբանվում է 15 աշխատանքային օրվա ընթացքում փաստաթղթերը համալրելու մասին: Նշված ժամկետում փաստաթղթերը չհամալրելու դեպքում դիմումին ընթացք չի տրվում, որի մասին դիմումատուն ինքնաշխատ կերպով ծանուցվում է Համակարգի միջոցով: Այս դեպքում դիմումատուն սույն օրենքի 27-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով կարող է կրկին էլեկտրոնային հայտ ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար:
Սույն օրենքի 27-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված էլեկտրոնային հայտերը սույն օրենքի իմաստով չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումներ:
Դիմումը մերժելու կամ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու պարագայում անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում կրկին կարելի է դիմել դիմումը մերժելու կամ քաղաքացիությունը դադարեցնելու օրվանից մեկ տարի հետո՝ սույն օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումների, միջնորդությունների, դրանց քննարկման ընթացքի, անձի քաղաքացիության վերաբերյալ տվյալները ֆիզիկական անձանց, կազմակերպություններին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև օտարերկրյա պետություններին կարող են փոխանցվել կամ տրամադրվել միայն դիմումատուի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձի համաձայնությամբ կամ օրենքով կամ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում:
Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված համաձայնությունը ներկայացնելու պարտավորությունը կրում է տվյալներ ստանալու նպատակով հարցմամբ դիմողը:
(29-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.06.13 ՀՕ-74-Ն, խմբ. 06.12.17 ՀՕ-251-Ն, 08.12.21 ՀՕ-393-Ն, փոփ. 07.07.22 ՀՕ-284-Ն, խմբ. 22.01.25 ՀՕ-4-Ն)
(22.01.25 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)