Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
ա) աշխատանքներ իրականացնող` քաղաքաշինական փաստաթղթերի կազմում, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն, շինարարություն, շինարարության որակի տեխնիկական հսկողություն, քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայություններ իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտ, որն ունի համապատասխան գործունեության լիցենզիա և ներդիր կամ հավաստագիր.
բ) փորձագիտական եզրակացություն` ընթացիկ կամ ավարտված նախագծային և շինարարական աշխատանքների համալիր գնահատական, որը տալիս է համապատասխան գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձը.
գ) հեղինակային հսկողություն` կառուցվող օբյեկտի ճարտարապետական հորինվածքի ու լուծումների` հաստատված նախագծին համապատասխանությունն ապահովելու նպատակով ճարտարապետաշինարարական նախագծերի հեղինակների կամ նրանց լիազորած անձանց կողմից օրենքով սահմանված կարգով շինարարության նկատմամբ իրականացվող հսկողություն.
դ) որակի տեխնիկական հսկողություն` կառուցվող օբյեկտների շինարարական-մոնտաժային աշխատանքների, ինչպես նաև օգտագործվող շինանյութերի, շինվածքների, կոնստրուկցիաների և ինժեներական սարքավորումների` հաստատված նախագծին, գործող նորմերին ու ստանդարտներին համապատասխանությունն ապահովելու նպատակով պայմանագրային հիմունքներով շինարարության նկատմամբ իրականացվող հսկողություն.
ե) ամրություն` շինանյութի, շինվածքի, կոնստրուկցիայի, դրանց հանգույցների, հիմքերի ու հիմնատակերի ունակություն, որը թույլ է տալիս առանց քայքայվելու կրել հաշվարկային բեռներ ու ազդեցություններ.
զ) կայունություն` շենքերի ու շինությունների ունակություն, որը թույլ է տալիս պահպանել կայուն հավասարակշռված վիճակ հաշվարկային բեռների ու ազդեցությունների ներգործության տակ.
է) հուսալիություն` շենքերի ու շինությունների կրող և պատող կոնստրուկցիաների, ինժեներական համակարգերի ունակություն, որը թույլ է տալիս կատարել նորմատիվային ցուցանիշներով սահմանված գործառույթներ.
ը) նախագծման տեխնիկական պայմաններ` համապատասխան տարածքում ինժեներական ենթակառուցվածքներն սպասարկող իրավասու կազմակերպությունների կողմից կառուցապատողին տրամադրվող տվյալների ու պայմանների համախումբ, որտեղ ամրագրվում են գոյություն ունեցող ինժեներական ենթակառուցվածքներին միանալու կամ ինքնավար սպասարկման հնարավոր լավագույն լուծումները:
(2-րդ հոդվածը փոփ. 24.05.06 ՀՕ-71-Ն, խմբ. 16.11.22 ՀՕ-434-Ն)