Հոդված 12. Այլընտրանքային խափանման միջոցի կատարման ապահովումը
Հոդված 12. Այլընտրանքային խափանման միջոցի կատարման ապահովումը
1. Այլընտրանքային խափանման միջոցի կատարումը սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ապահովում է պրոբացիայի շահառուի մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (սույն գլխում այսուհետ՝ տարածքային մարմին), իսկ մշտական բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ դատարանի կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի (սույն գլխում այսուհետ` իրավասու մարմին) որոշման մեջ նշված վայրի տարածքային մարմինը:
2. Տարածքային մարմինը վերահսկողություն է իրականացնում իրավասու մարմնի որոշմամբ պրոբացիայի շահառուի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ:
3. Այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին իրավասու մարմնի որոշումն ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում պարզում է պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան պատշաճ ծանուցում է տարածքային մարմին ներկայանալու վերաբերյալ, իսկ տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցի դեպքում այցելում է պրոբացիայի շահառուի բնակության վայր, կազմում պրոբացիայի շահառուի անձնական գործ, վերահսկողության պլան, լրացնում հաշվառման քարտ: Վերահսկողության սկիզբը հաշվվում է պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելու պահից:
4. Պրոբացիայի շահառուի` տարածքային մարմին չներկայանալու դեպքում պրոբացիայի ծառայողը պարտավոր է այցելել նրա բնակության կամ աշխատանքի վայր` պարզելու չներկայանալու պատճառները, որի մասին կազմում է արձանագրություն և ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում վարույթն իրականացնող մարմին:
5. Պրոբացիայի շահառուին չհայտնաբերելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում իրավասու մարմին:
6. Այլընտրանքային խափանման միջոց կիրառած իրավասու մարմնի որոշման հիման վրա և դրա շրջանակում, ինչպես նաև պրոբացիայի շահառուի վերաբերյալ ռիսկերի և կարիքների գնահատման հիման վրա պրոբացիայի ծառայողը վերահսկողության պլանում սահմանում է պրոբացիայի շահառուի վերահսկողության ենթակա գործողությունները և դրանց կատարման ժամկետները, իրավունքներն ու պարտականությունները, դրանք խախտելու համար օրենքով սահմանված պատասխանատվությունը:
7. Այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին իրավասու մարմնի որոշման հիման վրա պրոբացիայի ծառայողն այցելում է պրոբացիայի շահառուի բնակության կամ աշխատանքի վայր, ինչպես նաև այլ վայր, որտեղ իրավասու մարմնի որոշմամբ պրոբացիայի շահառուին արգելված է այցելել, պրոբացիայի շահառուի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով, որի արդյունքում կազմվում է արձանագրություն:
8. Պրոբացիայի ծառայողի ծառայողական վկայականի ներկայացման դեպքում պրոբացիայի շահառուի բնակության վայրի անվտանգությունը կամ կառավարումն իրականացնող մարմինները, կազմակերպությունները, պրոբացիայի շահառուի աշխատավայրի վարչակազմը, ինչպես նաև այն վայրերի վարչակազմերը, որտեղ իրավասու մարմնի որոշմամբ պրոբացիայի շահառուին արգելված է այցելել, պարտավոր են ապահովել պրոբացիայի ծառայողի ազատ մուտքն ու ելքը նշված վայրեր:
9. Այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին իրավասու մարմնի որոշման հիման վրա պրոբացիայի շահառուի կողմից իր բնակության կամ աշխատանքի վայր մուտքը և ելքը արգելելու կամ պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձևով խոչընդոտելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և անհապաղ, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում ուղարկում քրեական վարույթն իրականացնող մարմնին: Այլ անձանց կողմից պրոբացիայի շահառուի բնակության կամ աշխատանքի վայր մուտքը և ելքն արգելելու կամ պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձևով խոչընդոտելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում դատարան:
10. Դատական ակտի հիման վրա այլընտրանքային խափանման միջոցների կատարումն իրականացվում է էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան:
11. Տարածքային մարմինն այլընտրանքային խափանման միջոց կիրառած իրավասու մարմնի որոշմամբ սահմանված կոնկրետ սահմանափակումների վերաբերյալ կազմում է հաշվետվություն, որն իրավասու մարմնի նշած պարբերականությամբ ներկայացվում է քրեական վարույթն իրականացնող մարմին:
12. Պրոբացիայի շահառուի կողմից իրավասու մարմնի որոշման հիման վրա կիրառվող այլընտրանքային խափանման միջոցի պայմանների խախտման դեպքում տարածքային մարմինը, ներքին կանոնակարգի համաձայն, միջոցներ է ձեռնարկում պրոբացիայի շահառուին հայտնաբերելու և իրավասու մարմնի որոշման հիման վրա կիրառվող սահմանափակումների կատարումն ապահովելու ուղղությամբ, անհապաղ հայտնում է քրեական վարույթն իրականացնող մարմնին, անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը կամ այլ համապատասխան մարմիններին և իր իրավասությունների սահմաններում աջակցում նրանց:
13. Այլընտրանքային խափանման միջոցի կիրառման ավարտից կամ դադարեցվելուց հետո տարածքային մարմինը պրոբացիայի շահառուին տալիս է տեղեկանք այլընտրանքային խափանման միջոցի կիրառման ավարտի կամ դադարեցման մասին և այդ մասին հայտնում է իրավասու մարմնին, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, իսկ անձնական գործն արխիվացվում է:
14. Իրավասու մարմնի որոշմամբ սահմանված կոնկրետ սահմանափակումների վերաբերյալ կազմվող հաշվետվության, պրոբացիայի ծառայողի այցելության արդյունքում, ինչպես նաև պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձևով խոչընդոտելու դեպքում կազմվող և քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայացվող արձանագրությունների և պրոբացիայի ծառայության կողմից օգտագործվող այլ փաստաթղթերի ձևերը հաստատում է համապատասխան նախարարը:
(12-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-283-Ն, փոփ., լրաց. 15.06.22 ՀՕ-247-Ն)