Հոդված 40. Ապրանքային նշանի հայտը
Հոդված 40. Ապրանքային նշանի հայտը
1. Ապրանքային նշանի հայտը պետական լիազոր մարմին ներկայացվում է գրավոր կամ էլեկտրոնային եղանակով: Հայտը ներկայացնում է հայտատուն՝ անմիջականորեն կամ իր ներկայացուցչի միջոցով:
2. Ֆիզիկական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում մշտական բնակության վայր չունեն, և օտարերկրյա իրավաբանական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն գործող առևտրային կամ արդյունաբերական հաստատություն, հայտը ներկայացնում և դրա քննարկման ընթացակարգով նախատեսված գործերը պետական լիազոր մարմնում վարում են ապրանքային նշանների հավատարմատարի կամ այլ ներկայացուցչի միջոցով: Ապրանքային նշանների հավատարմատարների նկատմամբ կիրառվում են արտոնագրային հավատարմատարների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները մութաթիս մութանդիս (mսtatis mսtandis):
3. Հայտը պետք է վերաբերի մեկ ապրանքային նշանի։
4. Հայտը ներկայացվում է հայերեն: Հայտին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության հայտատուները պարտավոր են դրանց հայերեն թարգմանությունը ներկայացնել հայտի հետ, իսկ օտարերկրյա հայտատուները՝ հայտը ներկայացնելու օրվանից հետո` երկամսյա ժամկետում:
5. Հայտի ձևը, լրացման և ներկայացման կարգը (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) սահմանում է կառավարությունը։
6. Հայտին կցվում են՝
1) հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը.
2) հայտատուի ներկայացուցչի իրավասությունները հաստատող փաստաթուղթը, եթե հայտը ներկայացվել է ներկայացուցչի միջոցով.
3) դիմում` առաջնություն խնդրարկելու մասին (համապատասխան դեպքում).
4) թույլտվություն՝ տրված իրավասու մարմնի կողմից, սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում (համապատասխան դեպքում).
5) համաձայնություն՝ տրված իրավատիրոջ կողմից սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-8-րդ կետերով նախատեսված դեպքերում (համապատասխան դեպքում).
6) կոլեկտիվ նշանի կանոնակարգը (համապատասխան դեպքում).
7) հավաստագրային նշանի օգտագործման կանոնակարգը (համապատասխան դեպքում):
7. Հայտը պետք է պարունակի՝
1) տեղեկություններ, որոնք նույնականացնում են հայտատուին և նրա ներկայացուցչին (ներկայացուցչի առկայության դեպքում).
2) հայտարկված նիշի հստակ պատկերը (վերարտադրությունը, այդ թվում` ձայնային ապրանքային նշանի դեպքում՝ նոտագրված տեսքով) և նկարագրությունը.
3) այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար հայտարկվում է ապրանքային նշանի գրանցումը, որոնք խմբավորված են հայտը ներկայացնելու թվականին գործող Նիցցայի դասակարգչի դասերին համապատասխան` ըստ դասերի համարների աճման.
4) նշում, որ հայտարկված նիշը եռաչափ է (համապատասխան դեպքում).
5) նշում, որ հայտարկված նիշը հոլոգրաֆիկ է (համապատասխան դեպքում).
6) նշում, որ հայտարկված նիշը ձայնային է (համապատասխան դեպքում).
7) նշում, որ գունային համակցությունը ապրանքային նշանի տարբերակիչ հատկանիշն է (համապատասխան դեպքում).
8) նշում հայտարկված նիշի այն տարրերի մասին, որոնք համարվում են չպահպանվող (համապատասխան դեպքում).
9) նիշի կամ դրա բառային տարրերի տառադարձությունը և դրանց հայերեն թարգմանությունը (համապատասխան դեպքում).
10) նշում, որ հայտարկված նիշը կոլեկտիվ նշան է (համապատասխան դեպքում).
11) նշում, որ հայտարկված նիշը հավաստագրային նշան է (համապատասխան դեպքում).
12) նշում` խնդրարկվող առաջնության թվականի և դրա հիմքերի մասին (համապատասխան դեպքում):
8. Մեկ հայտով ապրանքային նշանի գրանցումը կարող է հայտարկվել մեկ կամ ավելի դասերի ապրանքների և (կամ) ծառայությունների համար։ Հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար վճարվում է օրենքով սահմանված լրացուցիչ պետական տուրք։