Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-07-ից մինչև 2018-04-08։Բացել գործող տեքստը

Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը և կարգավորման առարկան

գործել է մինչև 2018-04-08Բացել ARLIS-ում

Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը և կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում գրանցված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպություններում, հիմնարկներում (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի), իրավաբանական անձի մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) գործունեության ստուգումների և ուսումնասիրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է դրանց իրականացման միասնական կարգը:

2. Ստուգումն օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի (այսուհետ` հաշվետվություն) արժանահավատությունը և վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:

3. Ուսումնասիրությունը տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների հիման վրա, ստուգում իրականացնող մարմնում այդ մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների կատարման ճշտությունը պարզելու նպատակով իրականացվող ներքին ընթացակարգ է, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված արտագնա ուսումնասիրությունների:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացնում է հսկիչ գնումներ` սույն օրենքի N 2.1 հավելվածով սահմանված կարգով, որոնց արդյունքներն օգտագործվում են տնտեսավարող սուբյեկտի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտման հարցի քննարկման նպատակով: Տնտեսավարող սուբյեկտների պաշտոնատար անձանց և ստուգում իրականացնող անձանց` սույն օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները գործում են նաև սույն պարբերությամբ սահմանված ուսումնասիրությունների անցկացման դեպքում:

4. Ստուգումները կարող են լինել թեմատիկ` ուղղված տնտեսավարող սուբյեկտի գործունեության հետ կապված առանձին տարրերի փաստացի իրավիճակը պարզելուն, կամ համալիր` ուղղված տնտեսավարող սուբյեկտի ամբողջ ֆինանսատնտեսական գործունեության փաստացի իրավիճակը պարզելուն: Թեմատիկ են ընդերքօգտագործման և բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման, այդ թվում` բնապահպանական հարկով հարկման բազայի և (կամ) բնօգտագործման վճարի բազայի փաստացի ծավալների ու դրանց չափաքանակների (սահմանափակումների) ստուգումները, գործունեության առանձին տեսակի իրականացման լիցենզիայի հիման վրա իրականացվող գործունեության ստուգումները, սահմանված տնտեսական նորմատիվների պահպանման վիճակի, արժեթղթերի գրանցամատյանը վարելու և դրանով իրականացվող գործառնությունների ստուգումը, արժութային գործառնությունների ստուգումը, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային կանոնների պահպանման վիճակի, երկակի նշանակության ապրանքների արտահանման և երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության հետ կապված գործունեությանը ներկայացվող պահանջներին համապատասխանության, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից տնտեսվարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության և (կամ) փաստացի գործունեության բացահայտման և (կամ) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության, ապրանքների և տեխնոլոգիաների` ներկայացված ելակետային տվյալներին համապատասխանության և նման այլ ստուգումները աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերով սահմանված պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումները, կենսաթոշակային օրենսդրության կիրառմանը և անհատական հաշվառման տվյալների բազայի վարմանն ուղղված ստուգումները, վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման և իրականացման, պարտադիր սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացմանը վերաբերող ֆինանսական և վիճակագրական տվյալների տեղեկությունների հավաստիության ճշտմանն ուղղված ստուգումները, երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական նվազագույն սոցիալական չափորոշիչների կիրառման ընթացքի նկատմամբ ստուգումները, սոցիալական աջակցության բնագավառին վերաբերող օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումները:

Համալիր է ֆինանսատնտեսական գործունեության ստուգումը, որը կատարվում է հաշվապահական հաշվառման, ֆինանսական հաշվետվությունների, հաշվեկշռի, սկզբնական հաշվառման փաստաթղթերը լրացնելու (կազմելու) ճշտությունը պարզելու միջոցով և նպատակ ունի վեր հանել ստուգվող օբյեկտի ֆինանսատնտեսական գործունեության վերջնական կամ միջանկյալ արդյունքները` կապված սեփական և փոխառու դրամական ու ապրանքային միջոցների օգտագործման նպատակայնության և արդյունավետության հետ: Համալիր ֆինանսատնտեսական գործունեության ստուգումներ պահանջելու բացառիկ իրավունքը պատկանում է տնտեսավարող սուբյեկտի բաժնետերերին, փայատերերին, հիմնադիրներին կամ անդամներին` օրենքով իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում:

5. Սույն օրենքը չի տարածվում պետական մարմնի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված քաղաքացիաիրավական գործարքների հիման վրա պետական մարմնի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված պայմանագրի շրջանակներում պետական մարմնի կողմից որպես գործարքի կողմ իրականացվող ստուգումների վրա:

6. Սույն օրենքը չի կարգավորում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստացած այլ անձանց գործունեության նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում իրականացվող վերահսկողության, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մաքսային հսկողության, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության, հողերի օգտագործման ու պահպանման նկատմամբ վերահսկողության հետ կապված հարաբերությունները, տնտեսավարող սուբյեկտի գործադիր մարմնի նկատմամբ բաժնետերերի, փայատերերի, հիմնադիրների կամ անդամների կողմից իրականացվող հսկողության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտի տարածքային ու կառուցվածքային ստորաբաժանումների նկատմամբ տնտեսավարող սուբյեկտի գործադիր մարմնի կողմից իրականացվող հսկողության հետ կապված հարաբերությունները:

(1-ին հոդվածը փոփ. 03.04.01 ՀՕ-172, 14.12.01 ՀՕ-282, 24.09.03 ՀՕ-8-Ն, 11.07.04 ՀՕ-103-Ն, 08.12.04 ՀՕ-34-Ն, 14.12.04 ՀՕ-186-Ն, լրաց., փոփ. 08.07.05 ՀՕ-152-Ն, 08.12.05 ՀՕ-250-Ն, լրաց. 15.12.05 ՀՕ-28-Ն, 07.07.06 ՀՕ-162-Ն, 22.02.07 ՀՕ-108-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-10-Ն, լրաց., փոփ., խմբ. 11.10.07 ՀՕ-214-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-237-Ն, լրաց. 06.12.07 ՀՕ-297-Ն, 08.04.08 ՀՕ-37-Ն, 17.06.08 ՀՕ-121-Ն, 21.08.08 ՀՕ-144-Ն, փոփ. 04.02.10 ՀՕ-17-Ն, 08.04.10 ՀՕ-45-Ն, լրաց. 20.05.10 ՀՕ-81-Ն, լրաց., փոփ.12.04.11 ՀՕ-138-Ն, փոփ. 23.06.11 ՀՕ-243-Ն, 07.12.11 ՀՕ-309-Ն, փոփ., լրաց. խմբ. 19.12.12 ՀՕ-242-Ն, խմբ. 21.06.14 ՀՕ-127-Ն, փոփ., լրաց. 07.05.15 ՀՕ-40-Ն, փոփ. 16.05.16 ՀՕ-85-Ն, 24.11.15 ՀՕ-168-Ն, փոփ., խմբ., լրաց. 21.12.17 ՀՕ-299-Ն)

(1-ին հոդվածի 6-րդ մասը 16.01.18 ՀՕ-62-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը)

(1-ին հոդվածը 21.03.17 ՀՕ-195-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։