Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-01-ից մինչև 2018-01-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2018-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։

Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը և կարգավորման առարկան

գործել է մինչև 2018-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը և կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում գրանցված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպություններում, հիմնարկներում (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի), իրավաբանական անձի մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) գործունեության ստուգումների և ուսումնասիրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է դրանց իրականացման միասնական կարգը:

2. Ստուգումն օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հայտարարագրերի, հարկերի և պարտադիր այլ վճարների գծով նախատեսված հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի (այսուհետ` հաշվետվություն) արժանահավատությունը և վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:

3. Ուսումնասիրությունը տնտեսավարող սուբյեկտի ֆինանսական ու փաստացի գործունեության վիճակը` վերջինիս ներկայացրած հաշվապահական հաշվեկշռի, ֆինանսական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ հաշվետվությունների հիման վրա, ստուգումն իրականացնող մարմնի կողմից ստուգող մարմնում` պարզաբանելու նպատակով իրականացվող ներքին ընթացակարգ է, բացառությամբ սույն կետի ութերորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:

Հարկային մարմինները կարող են անցկացնել տնտեսավարող սուբյեկտի կողմից հարկային մարմին ներկայացրած հաշվետվությունների, հաշվարկների, հայտարարագրերի, ելակետային տվյալների վերաբերյալ հայտարարությունների և օրենսդրությամբ սահմանված տեղեկությունների (այսուհետ սույն հոդվածում՝ հաշվետվություններ) կամերալ (գրասենյակային) ուսումնասիրություններ: Կամերալ ուսումնասիրության նպատակն է պարզել հարկերի և հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների հաշվարկման ճշտությունը, միևնույն հաշվետվության ցուցանիշների, տվյալների և թվաբանական հաշվարկների ճշտությունը, տարբեր հաշվետվություններում առկա համադրելի ցուցանիշների կամ տեղեկությունների համապատասխանությունը, հաշվետվություններում արտացոլված ցուցանիշների և տեղեկությունների համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու պետական մարմիններից ստացված տեղեկությունների հետ:

Սույն հոդվածով նախատեսված ուսումնասիրությունը իրականացվում է հարկային մարմնի գրասենյակում` առանց տնտեսավարող սուբյեկտին այցելության և լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու պահանջի:

Կամերալ ուսումնասիրության (բացառությամբ սույն կետի վեցերորդ պարբերությամբ նախատեսված դեպքի) արդյունքում հաշվետվություններում խախտումներ, անճշտություններ, անհամապատասխանություններ (այսուհետ սույն հոդվածում` խախտումներ) հայտնաբերելու դեպքում դրա վերաբերյալ կազմվում է արձանագրություն (երկու օրինակից), որը ուսումնասիրություն անցկացնող հարկային մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում փոստով կամ առձեռն տրամադրում է տնտեսավարող սուբյեկտին: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը (նրան փոխարինող պաշտոնատար անձը) հինգ աշխատանքային օրվա ընթացքում արձանագրված խախտումների հետ համաձայնելու դեպքում հարկային մարմին է ներկայացնում օրենսդրությամբ սահմանված ճշտված (ճշգրտված) հաշվետվությունը կամ հաշվետվությունները: Արձանագրված խախտումների հետ համաձայն չլինելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը (նրան փոխարինող պաշտոնատար անձը) հարկային մարմին է ներկայացնում իր գրավոր առարկությունները:

Եթե հարկային մարմնի կողմից իրականացվող կամերալ (գրասենյակային) ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ շրջանառության հարկ վճարողը որևէ հաշվետու ժամանակաշրջանում խախտել է «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի պահանջները, ապա հարկային մարմինը վերադաս հարկային մարմնի սահմանած ձևով խախտման վերաբերյալ կազմում է արձանագրություն, որում նշվում են`

1) արձանագրության համարը, կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը.

2) ուսումնասիրություն իրականացրած պաշտոնատար անձանց պաշտոնը, անունը, ազգանունը.

3) տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը.

4) հաշվետու ժամանակաշրջանը (ժամանակաշրջանները), որի (որոնց) ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է խախտում.

5) «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի պահանջների խախտման նկարագիրը:

Սույն պարբերությանը համապատասխան իրականացվող կամերալ (գրասենյակային) ուսումնասիրության արձանագրության հիման վրա հարկային մարմինը կամերալ (գրասենյակային) ուսումնասիրության արդյունքները մեկ աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է ստուգման ակտի նախագծով, որն արձանագրության հետ ակտի նախագծի կազմմանը հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին` առարկություններ ներկայացնելու նպատակով: Սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ու ժամկետներում կամերալ (գրասենյակային) ուսումնասիրության արդյունքներն ամփոփվում են ստուգման ակտով:

(պարբերությունն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-242-Ն)

Հարկային մարմինը նշված գրավոր առարկությունները կցում է տնտեսավարող սուբյեկտի հարկային գործին և կարող է դրանք օգտագործել միայն սույն օրենքով նախատեսված ստուգումների ժամանակ: Ինչ վերաբերում է նշված խախտումների հետևանքով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումներին, ապա այդ խախտումների հիմքով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների կրկնակի ստուգումներ կարող են անցկացվել միայն սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքերում:

(պարբերությունն ուժը կորցրել է 23.06.11 ՀՕ-243-Ն)

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հարկային մարմինների կողմից հաշվեգրվող հարկերի մասով տնտեսվարող սուբյեկտի միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների որոշման, տվյալ հարկատեսակի հաշվանցումների ճշտության արձանագրման (այսուհետ՝ սույն օրենքի իմաստով հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի), օրենքով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների ճշտության արձանագրման, հսկիչ գնումների իրականացման, Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերի դրույթներին համապատասխան՝ օտարերկրյա պետության լիազորված մարմնի հարցումներին պատասխանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների կողմից հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձված հարկի գումարը վերադարձնելու, արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, պատրաստի արտադրանքի, ապրանքների պակասորդի, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) չափագրման նպատակով հարկային մարմինները կարող են իրականացնել ուսումնասիրություններ: Տնտեսվարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության և (կամ) փաստացի գործունեության բացահայտման և (կամ) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության նպատակով հսկիչ գնումներ կարող է իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:

Սույն կետի ութերորդ պարբերությամբ սահմանված ուսումնասիրությունների անցկացման ընթացակարգերը (այսուհետ՝ ուսումնասիրությունների անցկացման կարգերը) սահմանվում են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածներով:

Սույն օրենքի հավելվածներով սահմանվում են`

1) հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի, պետական բյուջե վճարվող պարտադիր վճարների` օրենքով սահմանված կարգով հաշվարկված պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձի հիմնավորվածության, օրենքով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների ճշտության արձանագրման ուսումնասիրությունների անցկացման կարգը` համաձայն 1-ին հավելվածի:

Ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի մասով հարկային հաշվանցումների, ինչպես նաև ակցիզային դրոշմանիշների շարժի և դրոշմավորման կանոնների պահպանման ուսումնասիրությունների իրականացման առանձնահատկությունները սահմանվում են այդ հարկատեսակների մասին օրենքներով.

2) հարկային մարմնի կողմից հսկիչ գնումների անցկացման կարգը` համաձայն 2-րդ հավելվածի.

2.1) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի կողմից հսկիչ գնումների անցկացման կարգը` համաձայն հավելված 2.1-ի.

3) Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերի դրույթներին համապատասխան՝ օտարերկրյա պետության լիազորված մարմնի հարցումներին պատասխանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների կողմից հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձված հարկի գումարը վերադարձնելու նպատակով հարկային մարմնի կողմից ուսումնասիրությունների անցկացման կարգը՝ համաձայն 3-րդ հավելվածի:

4) տնտեսավարող սուբյեկտների մոտ արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, պատրաստի արտադրանքի, ապրանքների պակասորդի, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) չափագրման իրականացման կարգը` համաձայն 4-րդ հավելվածի:

Սույն կետի ութերորդ պարբերությամբ սահմանված ուսումնասիրությունների արդյունքներն օգտագործվում են Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հարկային մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտի հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) նպատակով, իսկ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 28-րդ հոդվածները կիրառելիս հսկիչ գնման արդյունքները կիրառվում են միայն հսկիչ գնմամբ արձանագրված արտադրատեսակների և ապրանքների նկատմամբ: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի` սույն կետի ութերորդ պարբերությամբ սահմանված ուսումնասիրությունների արդյունքներն օգտագործվում են տնտեսվարող սուբյեկտի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտման հարցի քննարկման նպատակով:

Սույն օրենքով նախատեսված տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձանց և ստուգում իրականացնող անձանց իրավունքներն ու պարտականությունները գործում են սույն կետի ութերորդ պարբերությամբ սահմանված ուսումնասիրությունների անցկացման դեպքերում:

Սույն հոդվածով նախատեսված ուսումնասիրությունների ընթացքում լրացուցիչ հարկերի և հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով պարտավորություններ չեն առաջանում, բացառությամբ`

1) սույն կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան՝ կամերալ (գրասենյակային) ուսումնասիրությունների արդյունքում հարկային մարմնի հայտնաբերած խախտումները տնտեսավարող սուբյեկտի կողմից ընդունվելու և ճշգրտված հաշվետվություններ ներկայացվելու, ինչպես նաև սույն կետի վեցերորդ պարբերությանը համապատասխան կամերալ (գրասենյակային) ուսումնասիրության արդյունքում խախտումներ հայտնաբերելու ու ստուգման ակտով հարկային պարտավորությունների վերահաշվարկման դեպքերի.

2) հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի մեծության արձանագրման նպատակով իրականացվող ուսումնասիրության դեպքի.

3) սույն օրենքի N 4 հավելվածով սահմանված կարգով իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում պատրաստի արտադրանքի, ապրանքների պակասորդի արձանագրման դեպքերի:

Սույն կետով նախատեսված ուսումնասիրությունն իրականացվում է նաև հարկ վճարողի (ապահովադրի) գրավոր դիմումի հիման վրա:

4. Ստուգումները կարող են լինել թեմատիկ` ուղղված տնտեսավարող սուբյեկտի գործունեության հետ կապված առանձին տարրերի փաստացի իրավիճակը պարզելուն, կամ համալիր` ուղղված տնտեսավարող սուբյեկտի ամբողջ ֆինանսատնտեսական գործունեության փաստացի իրավիճակը պարզելուն: Թեմատիկ են հարկային, մաքսային, պարտադիր սոցիալական ապահովության, բնօգտագործման, բնապահպանական և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների հաշվարկման ու վճարման ճշտությունը պարզելուն ուղղված ստուգումները, պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները, գործունեության առանձին տեսակի իրականացման լիցենզիայի հիման վրա իրականացվող գործունեության ստուգումները, սահմանված տնտեսական նորմատիվների պահպանման վիճակի, արժեթղթերի գրանցամատյանը վարելու և դրանով իրականացվող գործառնությունների ստուգումը, արժութային գործառնությունների ստուգումը, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային կանոնների պահպանման վիճակի, երկակի նշանակության ապրանքների արտահանման և երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության հետ կապված գործունեությանը ներկայացվող պահանջներին համապատասխանության, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից տնտեսվարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության և (կամ) փաստացի գործունեության բացահայտման և (կամ) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության, ապրանքների և տեխնոլոգիաների` ներկայացված ելակետային տվյալներին համապատասխանության և նման այլ ստուգումները աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերով սահմանված պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումները, կենսաթոշակային օրենսդրության կիրառմանը և անհատական հաշվառման տվյալների բազայի վարմանն ուղղված ստուգումները, վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման և իրականացման, պարտադիր սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացմանը վերաբերող ֆինանսական և վիճակագրական տվյալների տեղեկությունների հավաստիության ճշտմանն ուղղված ստուգումները, երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական նվազագույն սոցիալական չափորոշիչների կիրառման ընթացքի նկատմամբ ստուգումները, սոցիալական աջակցության բնագավառին վերաբերող օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումները:

Համալիր է ֆինանսատնտեսական գործունեության ստուգումը, որը կատարվում է հաշվապահական հաշվառման, ֆինանսական հաշվետվությունների, հաշվեկշռի, սկզբնական հաշվառման փաստաթղթերը լրացնելու (կազմելու) ճշտությունը պարզելու միջոցով և նպատակ ունի վեր հանել ստուգվող օբյեկտի ֆինանսատնտեսական գործունեության վերջնական կամ միջանկյալ արդյունքները` կապված սեփական և փոխառու դրամական ու ապրանքային միջոցների օգտագործման նպատակայնության և արդյունավետության հետ: Համալիր ֆինանսատնտեսական գործունեության ստուգումներ պահանջելու բացառիկ իրավունքը պատկանում է տնտեսավարող սուբյեկտի բաժնետերերին, փայատերերին, հիմնադիրներին կամ անդամներին` օրենքով իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում:

5. Սույն օրենքը չի տարածվում պետական մարմնի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված քաղաքացիաիրավական գործարքների հիման վրա պետական մարմնի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված պայմանագրի շրջանակներում պետական մարմնի կողմից որպես գործարքի կողմ իրականացվող ստուգումների վրա:

6. Սույն օրենքը չի կարգավորում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստացած այլ անձանց գործունեության նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում իրականացվող վերահսկողության, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մաքսային հսկողության, հողերի օգտագործման ու պահպանման նկատմամբ վերահսկողության հետ կապված հարաբերությունները, տնտեսավարող սուբյեկտի գործադիր մարմնի նկատմամբ բաժնետերերի, փայատերերի, հիմնադիրների կամ անդամների կողմից իրականացվող հսկողության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտի տարածքային ու կառուցվածքային ստորաբաժանումների նկատմամբ տնտեսավարող սուբյեկտի գործադիր մարմնի կողմից իրականացվող հսկողության հետ կապված հարաբերությունները:

(1-ին հոդվածը փոփ. 03.04.01 ՀՕ-172, 14.12.01 ՀՕ-282, 24.09.03 ՀՕ-8-Ն, 11.07.04 ՀՕ-103-Ն, 08.12.04 ՀՕ-34-Ն, 14.12.04 ՀՕ-186-Ն, լրաց., փոփ. 08.07.05 ՀՕ-152-Ն, 08.12.05 ՀՕ-250-Ն, լրաց. 15.12.05 ՀՕ-28-Ն, 07.07.06 ՀՕ-162-Ն, 22.02.07 ՀՕ-108-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-10-Ն, լրաց., փոփ., խմբ. 11.10.07 ՀՕ-214-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-237-Ն, լրաց. 06.12.07 ՀՕ-297-Ն, 08.04.08 ՀՕ-37-Ն, 17.06.08 ՀՕ-121-Ն, 21.08.08 ՀՕ-144-Ն, փոփ. 04.02.10 ՀՕ-17-Ն, 08.04.10 ՀՕ-45-Ն, լրաց. 20.05.10 ՀՕ-81-Ն, լրաց., փոփ.12.04.11 ՀՕ-138-Ն, փոփ. 23.06.11 ՀՕ-243-Ն, 07.12.11 ՀՕ-309-Ն, փոփ., լրաց. խմբ. 19.12.12 ՀՕ-242-Ն, խմբ. 21.06.14 ՀՕ-127-Ն, փոփ., լրաց. 07.05.15 ՀՕ-40-Ն, փոփ. 16.05.16 ՀՕ-85-Ն, 24.11.15 ՀՕ-168-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։