Հոդված 4. Ստուգման ժամկետները
Հոդված 4. Ստուգման ժամկետները
1. Տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ ստուգման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 15 անընդմեջ աշխատանքային օր` յուրաքանչյուր տարվա համար, ընդ որում, ստուգման առաջին օր է համարվում ստուգումը փաստացի սկսելու օրը: Ստուգումը փաստացի սկսելու օր է համարվում ստուգվող օբյեկտում պահվող ստուգման մատյանում համապատասխան գրառում կատարելու օրը:
Տնտեսավարող սուբյեկտի ստուգման մատյանը պարունակում է տեղեկություններ` տարվա ընթացքում կատարվող ստուգումների, ստուգումն իրականացնող համապատասխան պետական մարմնի, ստուգող պաշտոնատար անձանց կազմի, ստուգման հարցերի, նպատակի, ժամկետների մասին:
2. Ստուգման ժամկետը չպետք է գերազանցի ստուգում իրականացնելու մասին համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետը: Անհրաժեշտության դեպքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի գրավոր հիմնավորմամբ` համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանով կամ հանձնարարագրով, սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 անընդմեջ աշխատանքային օր, իսկ հաշվետու տարվա արդյունքներով 3,0 մլրդ դրամ և ավելի իրացման շրջանառության կամ համախառն եկամուտ հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների մոտ մինչև 75 անընդմեջ աշխատանքային օր: Դրա մասին պետք է տեղեկացվի ստուգվող օբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին: Ստուգման ընթացքում առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտություն առաջանալու կամ ստուգմանն առնչվող փաստաթղթերը հետաքննության, նախաքննության կամ դատարանի վճռի հիման վրա առգրավված լինելու կամ տարերային աղետի պատճառով կամ ստուգման իրականացումն անհնարին դարձնող այլ անկանխատեսելի հանգամանքի բերմամբ ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա ստուգում իրականացնելու մասին հրաման տվող պաշտոնատար անձի հրամանով ստուգման ընթացքը կասեցվում է` մինչև կասեցման հիմքի վերացումը, բայց ոչ ավելի, քան 90 աշխատանքային օրով, իսկ օտարերկրյա պետություններ հարցումներ կատարելու դեպքում` հարցման պատասխանը ստանալուց հետո ոչ ավելի, քան 10 աշխատանքային օրով: Ստուգման փաստացի ժամկետի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 30 անընդմեջ աշխատանքային օրը, իսկ հաշվետու տարվա արդյունքներով 3,0 մլրդ դրամ և ավելի իրացման շրջանառություն կամ համախառն եկամուտ հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների մոտ` 90 աշխատանքային օրը (չհաշված կասեցման ժամկետը):
Ստուգման ժամկետը երկարաձգող կամ կասեցնող ակտն ուժի մեջ է մտնում ստուգվող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
3. Միևնույն պետական մարմնի կողմից միևնույն տնտեսավարող սուբյեկտում ստուգում կարող է իրականացվել օրացուցային տարում ոչ ավելի, քան մեկ անգամ, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի երրորդ կետով սահմանված, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային հաշվանցումներ և (կամ) վերադարձ ու պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների` օրենքով սահմանված կարգով հաշվարկված պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձ իրականացնելուց առաջ տնտեսավարող սուբյեկտի մոտ կատարվող ստուգման դեպքերի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության oրենսգրքին համապատասխան նշանակված ստուգումների:
Եթե առկա են սույն օրենքով սահմանված վերստուգումներ անցկացնելու իրավական հիմքերը, ստուգող մարմինն իրավունք ունի մեկ տարվա ընթացքում իրականացնել կրկնակի ստուգում: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից իրականացվող տնտեսավարող սուբյեկտի համալիր կամ թեմատիկ ստուգումից հետո նույն տնտեսավարող սուբյեկտում նույն ժամանակաշրջանի համար կատարվող պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ցանկացած ստուգում համարվում է կրկնակի ստուգում:
4. Կրկնակի ստուգման անցկացման հիմքեր ներկայացրած անձինք կրկնակի ստուգման հետևանքով այդ հիմքերը չհաստատվելու (չհիմնավորվելու) դեպքում ենթակա են պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(4-րդ հոդվածը փոփ. 03.04.01 ՀՕ-172, 11.12.02 ՀՕ-480-Ն, 14.12.04 ՀՕ-186-Ն, 15.12.05 ՀՕ-28-Ն, փոփ. 11.10.07 ՀՕ-214-Ն, լրաց. 30.09.08 ՀՕ-167-Ն, լրաց. 04.02.10 ՀՕ-17-Ն)