Հոդված 9. ՀԱՅՏԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 9. ՀԱՅՏԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Սելեկցիոն նվաճման հայտի նախնական փորձաքննությունը լիազորված մարմինն անցկացնում է սույն հոդվածի համաձայն:
2. Նախնական փորձաքննության ընթացքում` երեք ամսվա ընթացքում, ստուգվում է հայտի` սահմանված պահանջներին համապատասխան փաստաթղթերի առկայությունը:
3. Եթե նախնական փորձաքննությունից հետո պարզվի, որ հայտի փաստաթղթերը համապատասխանում են սահմանված պահանջներին, ապա լիազորված մարմինը որոշում է կայացնում հայտի պաշտոնական հրապարակման մասին:
4. Եթե հայտը չի համապատասխանում սահմանված պահանջներին, ապա լիազորված մարմինը, հայտն ստանալուց հետո` 15 օրվա ընթացքում, հայտատուին, ուղարկում է հարցում` ուղղված և պակաս փաստաթղթերը երկու ամսվա ընթացքում ներկայացնելու առաջարկությամբ:
5. Հարցմանը համապատասխան լրացուցիչ կամ ճշգրտված նյութերը երկու ամսվա ընթացքում չներկայացնելու դեպքում հայտը համարվում է անվավեր:
6. Նախնական փորձաքննության ընթացքում հայտատուն իր նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա կարող է, լրացուցիչ նյութեր ներկայացնելով, ուղղումներ կամ ճշգրտումներ կատարել հայտի նյութերում` չփոփոխելով ներկայացված սելեկցիոն նվաճման էությունը: Լրացուցիչ նյութերը համարվում են սելեկցիոն նվաճման էությունը փոփոխող, եթե դրանք պարունակում են հավակնության սահմանման մեջ մտցվելու ենթակա հատկանիշներ, որոնք առկա չեն եղել հայտի սկզբնական նյութերում: Լրացուցիչ նյութերի այն մասը, որը փոփոխում է ներկայացված հայտի էությունը, փորձաքննության ընթացքում հաշվի չի առնվում, և հայտատուն կարող է ձևակերպել որպես առանձին հայտ:
7. Լիազորված մարմինը նախնական փորձաքննությունից հետո կայացնում է որոշում` արտոնագիր տալը մերժելու կամ հայտի պաշտոնական հրապարակման մասին:
8. Եթե հայտատուն արտոնագիր տալը մերժելու մասին նախնական փորձաքննության որոշմանը չի համաձայնվում, ապա որոշումն ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում իրավունք ունի կրկնական նախնական փորձաքննության խնդրանքով դիմել լիազորված մարմին: Կրկնական նախնական փորձաքննությունն անցկացվում է դիմումն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
9. Լիազորված մարմինը կրկնական նախնական փորձաքննությունից հետո կայացնում է որոշում` արտոնագիր տալը մերժելու կամ հայտի պաշտոնական հրապարակման մասին:
10. Կրկնական նախնական փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, այն ստանալու օրվանից, հայտատուն կարող է դիմել դատարան: