Հոդված 11. ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ՏԱՐԲԵՐԻՉ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅԱՆ, ՄԻԱՏԱՐՐՈՒԹՅԱՆ և ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ
Հոդված 11. ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ՏԱՐԲԵՐԻՉ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅԱՆ, ՄԻԱՏԱՐՐՈՒԹՅԱՆ և ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ
1. Սելեկցիոն նվաճման տարբերիչ առանձնահատկության, միատարրության և կայունության փորձարկումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում: Հայտատուն անհրաժեշտ քանակությամբ սերմնանյութ և տոհմանյութ է տրամադրում փորձարկման համար:
2. Որպես փորձարկման արդյունք կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության հետ համապատասխան պայմանագիր կնքած օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների, լիազորված մարմնի հետ պայմանագիր կնքած կազմակերպությունների, ինչպես նաև հայտատուի տրամադրած տվյալները:
3. Սելեկցիոն նվաճման տարբերիչ առանձնահատկության, միատարրության և կայունության փորձարկումները կարող են համատեղվել դրա տնտեսական օգտակարության նպատակով կատարվող պետական փորձարկումների հետ:
4. Լիազորված մարմինը սելեկցիոն նվաճման պաշտպանունակության չափանիշների փորձաքննության դրական արդյունքների հիման վրա կայացնում է որոշում` արտոնագիր տալու մասին և կազմում է սելեկցիոն նվաճման նկարագրությունը:
5. Արտոնագիր տալը մերժելու մասին փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում, հայտատուն իրավունք ունի կրկնական փորձաքննության խնդրանքով դիմել լիազորված մարմին: Կրկնական փորձաքննության անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Կրկնական փորձաքննությունից հետո լիազորված մարմինը կայացնում է որոշում` արտոնագիր տալու կամ արտոնագիր տալը մերժելու մասին:
7. Կրկնական փորձաքննությունից հետո արտոնագիր տալը մերժելու մասին որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում, հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնել լիազորված մարմնի բողոքարկման խորհուրդ: Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է դա ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում և երեք օրվա ընթացքում հայտատուին է տրամադրում իր որոշումը:
8. Բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:
(11-րդ հոդվածը լրաց. 04.11.03 ՀՕ-29-Ն)