Հոդված 14. Վերարտադրողականության (սեռաբջջի) դոնորությունը
Հոդված 14. Վերարտադրողականության (սեռաբջջի) դոնորությունը
1. Դոնոր լինելու իրավունք ունեն 18-35 տարեկան այն տղամարդիկ և կանայք, ովքեր ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության և չունեն դոնոր լինելու բժշկական հակացուցումներ:
2. Ժամանակավոր դոնոր լինելու իրավունք ունեն նաև վերարտադրողական տարիքի (18 տարեկանից սկսած) այն տղամարդիկ և կանայք, ովքեր ցանկանում են իրենց սեռաբջիջը կամ սաղմը տրամադրել հարազատներին, ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության և չունեն դոնոր լինելու բժշկական հակացուցումներ։
3. Վերարտադրողականության դոնոր լինելու բժշկական հակացուցումների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի գործադիր մարմինը:
4. Դոնորական սերմի կամ ձվաբջջի տրամադրման և դրանց պահպանման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Դոնորն իր բեղմնունակ սերմը կամ ձվաբջիջը տրամադրելու համար կարող է ստանալ դրամական հատուցում համապատասխան առողջապահական հաստատության կամ սեռաբջիջն օգտագործող անձի կամ զույգի կողմից՝ նախապես կնքված և սահմանված կարգով վավերացված պայմանագրի համաձայն:
6. Դոնորը չունի որևէ իրավունք և չի կրում որևէ պարտականություն օժանդակ տեխնոլոգիաների օգտագործման արդյունքում իրենից սերված երեխայի նկատմամբ։