Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2023-08-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, հոգեմետ (հոգեներգործուն) ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 17. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ներմուծումն ու արտահանումը

գործել է մինչև 2023-08-20Բացել ARLIS-ում

Հոդված 17. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ներմուծումն ու արտահանումը

(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)

1. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցուցակներում ներառված թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պատրաստուկների արտահանումն ու ներմուծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից տրված և ՄԱԿ-ի՝ թմրամիջոցների հանձնախմբի կողմից հաստատված նմուշի ձևաթղթի վրա լրացված թույլտվությամբ:

Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ներմուծման կամ արտահանման թույլտվություն ձևակերպելիս Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը պետք է ղեկավարվի ՄԱԿ-ի՝ Թմրամիջոցների հսկման միջազգային կոմիտեի (ԹՀՄԿ) հաստատած քվոտաներով:

Տարերային աղետների և արտակարգ իրավիճակների դեպքում արտահանման թույլտվություն չի պահանջվում:

Թույլտվությունն այլ անձի չի կարող տրվել:

2. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ներմուծման ու արտահանման հայտերը համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ՝ ՄԱԿ-ի գործող կոնվենցիաների կողմից հաստատված ձևով ներմուծման ու արտահանման թույլտվություններ կազմելու համար:

Արտահանման ու ներմուծման թույլտվության դիմումի մեջ նշվում են ներմուծողի կամ արտահանողի անունը, ազգանունը, անվանումը, հասցեն, նաև բեռը ստացողի անունը, ազգանունը, յուրաքանչյուր նյութի միջազգային չարտոնագրված անվանումը, այդ անվանման բացակայության դեպքում` միջազգային կոնվենցիաների ցուցակներում և աղյուսակներում նշված նյութի անվանումը, դեղագործական ձևը, եթե խոսքը պատրաստուկի մասին է` առևտրային անվանումը (եթե այդպիսին կա), յուրաքանչյուր այն նյութի կամ պատրաստուկի քանակը, որոնց վերաբերյալ ծավալվում է համապատասխան գործողություն, այն ժամկետը, որի ընթացքում դա պետք է իրականանա, ինչպես նաև կիրառվելիք փոխադրամիջոցի տեսակը կամ փոխադրման ձևը և ազգային տարածքի վրա սահմանն անցնելու կետը:

Արտահանման թույլտվության դիմումին պետք է կցված լինի ներմուծող երկրի կամ տարածքի վարչակազմի կողմից տրված ներմուծման թույլտվություն (վկայական, թույլտվություն):

Արտահանման կամ ներմուծման թույլտվության տրամադրման համար կարող է գանձվել պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված դեպքերում և չափով: Այն դեպքում, երբ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված է արտահանման կամ ներմուծման թույլտվության տրամադրման համար պետական տուրք, ապա արտահանման կամ ներմուծման թույլտվության համար դիմողը պարտավոր է վճարել պետական տուրքը թույլտվության համար դիմելուց առաջ:

3. Թույլտվությունների ձևերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացմամբ:

Արտահանման և ներմուծման թույլտվությունների մեջ ներառվում են այն տեղեկությունները, որոնք կան թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտի մեջ, ներառյալ՝ իրավասու կազմակերպության անվանումը, որին պետք է այն տրվի:

Թույլտվություններում պետք է նշված լինեն՝

1) ներմուծողի կամ արտահանողի անվանումը և նրա գտնվելու կամ բնակվելու վայրը.

2) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի անվանումները (առկայության դեպքում` միջազգային չարտոնագրված անվանումը).

3) ներմուծվող կամ արտահանվող նյութերի և անջուր հիմք պարունակող նյութի քանակը, դեղագործական պատրաստուկի դեպքում` դեղագործական ձևը, դրա բաղադրության մեջ եղած հսկվող նյութի դեղաչափը.

4) թույլտվության ուժը կորցնելու ժամկետը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կնիքն ու ղեկավարի ստորագրությունը:

Արտահանման թույլտվությունում նշվում են նաև ներմուծման թույլտվության (այլ երկրի համանուն փաստաթղթի) համարը, տրման տարին, ամիսը և ամսաթիվը, թույլատրող իրավասու մարմնի անվանումը, որոնք վկայում են, որ համապատասխան թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ներկրումը թույլատրված է:

4. Ներմուծման թույլտվության պատճենը տրվում է ներմուծողին, մյուսը` արտահանող երկրի իրավասու մարմնին` թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի թույլտվություն (այլ երկրի համանուն փաստաթուղթ) ձևակերպելու համար, որի պատճենը նախատեսված է ներմուծող երկրի մաքսային ծառայությունների համար, մյուսը` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համար:

Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայություններին և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացվող թույլտվությունների պատճեններից բացի, թույլտվության պատճենով ուղեկցվում է բեռը, իսկ մյուսն ուղարկվում է ներմուծող երկրի իրավասու մարմնին:

Ներմուծումն իրականացնելուց հետո ներմուծող երկրի իրավասու մարմինը վերադարձնում է արտահանման թույլտվության վերջին պատճենը, որի վրա կատարված է լինում փաստացի ներմուծված քանակը հավաստող նշում:

Արտահանման թույլտվությունը ձևակերպվում է ներմուծման թույլտվության (այլ երկրի համանուն փաստաթղթի) հիման վրա, որը տրվում է ներմուծող երկրի իրավասու մարմնի կողմից:

Արտահանման թույլտվության (այլ երկրի համանուն փաստաթղթի) վավերացված պատճենը կցվում է բեռի յուրաքանչյուր խմբաքանակին, և իրավասու մարմինն այդ թույլտվության (այլ երկրի համանուն փաստաթղթի) պատճենն ուղարկում է ներմուծող երկրի կամ տարածքի իրավասու մարմին (վարչակազմ):

5. Եթե թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի փաստացի արտահանված խմբաքանակը փոքր է արտահանման թույլտվությունում նշված խմբաքանակից, ապա արտահանող երկրի իրավասու կազմակերպությունն այդ փաստի մասին նշում է կատարում համապատասխան փաստաթղթում և վերջինիս բոլոր պաշտոնական պատճեններում:

6. Երբ բեռը մուտք է գործում Հայաստանի Հանրապետության տարածք կամ, երբ լրանում է ներմուծման թույլտվությունում նշված ժամկետը, իրավասու կազմակերպությունը արտահանող երկրի իրավասու մարմին է ուղարկում վերոհիշյալ թույլտվությունը՝ նշելով յուրաքանչյուր թմրամիջոցի և հոգեմետ (հոգեներգործուն) նյութի փաստացի ներմուծված քանակը:

7. Առևտրային փաստաթղթերում (հաշիվ-ապրանքագիր, բեռնման հայտարարագիր, մաքսային, փոխադրային և բեռնման այլ փաստաթղթեր) նշվում են բույսերի, նյութերի և դրանց պատրաստուկների այն անվանումները, որոնցով դրանք հանդես են եկել միջազգային կոնվենցիաների ցուցակներում, առկայության դեպքում` նաև առևտրային անվանումները, ազգային տարածքից արտահանվող և այդ տարածք ներմուծման ենթակա խմբաքանակները, իմացության դեպքում` արտահանողի, ներմուծողի, ինչպես նաև ստացողի անունը, ազգանունն ու հասցեն: Հաշիվ-ապրանքագրերը պետք է ունենան Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից վավերացված թույլտվության համարով և դրա տրման տարով, ամսով և ամսաթվով դրոշմակնիք:

8. Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումը կամ այդ տարածք բեռների ներմուծումը բանկի կամ փոստարկղի հասցեով արգելվում է:

9. Հայաստանի Հանրապետության տարածքից բեռների արտահանումը՝ կցված մաքսային պահեստների հասցեով, արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ ներմուծող երկրի կառավարությունը ներմուծման վկայականում նշում է նման բեռների ներմուծման թույլտվությունը:

Հայաստանի Հանրապետության տարածք բեռների ներմուծումը՝ կցված մաքսային պահեստների հասցեով, արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ իրավասու կազմակերպությունը ներմուծման վկայականում նշում է նման բեռների ներմուծման թույլտվությունը:

Կցված մաքսային պահեստից բեռի ցանկացած հանձնման համար պահանջվում է այն կազմակերպությունների թույլտվությունը, որոնց ղեկավարության ներքո է գտնվում տվյալ մաքսային պահեստը: Բեռն արտասահման ուղարկելը սույն հոդվածի իմաստով դիտվում է որպես նոր արտահանում: Կցված պահեստում գտնվող բույսերը, նյութերն ու պատրաստուկները չեն կարող ենթարկվել բնույթը փոփոխող որևէ գործողության, իսկ փաթեթավորումը չի կարող փոխվել առանց այն իրավասու մարմինների թույլտվության, որոնց ղեկավարության տակ գտնվում է պահեստը:

10. Առանց ընդունված կարգի, ներմուծման կամ արտահանման համար տրված ուղեկցող թույլտվության, Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող կամ այդ տարածքից արտահանվող թմրամիջոցները և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը, որոնք չեն համապատասխանում թույլտվությանը, պահվում են իրավասու մարմինների կողմից՝ մինչև տեղափոխման օրինական լինելու ապացույց ներկայացնելը կամ բռնագրավման մասին դատական որոշում կայացնելը:

11. Հայաստանի Հանրապետության տարածքով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների տարանցիկ տեղափոխումը թույլատրվում է, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

12. Օդային փոխադրամիջոցով այլ երկիր բեռի փոխադրման դեպքում սույն հոդվածի տասնմեկերորդ մասի դրույթները չեն կիրառվում: Եթե օդային փոխադրամիջոցը միջանկյալ կամ ստիպողական վայրէջք է կատարում Հայաստանի Հանրապետության տարածքում, ապա բեռը դիտվում է արտահանված դեպի նշանակված երկիր, եթե որոշակի հանգամանքներից ելնելով՝ այն բեռնաթափվում է:

(17-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն, փոփ., լրաց. 03.06.21 ՀՕ-277-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։