Հոդված 22. ՈՉ ՀՈԺԱՐԱԿԱՄ (ՀԱՐԿԱԴԻՐ) ՀՈՍՊԻՏԱԼԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ
Հոդված 22. ՈՉ ՀՈԺԱՐԱԿԱՄ (ՀԱՐԿԱԴԻՐ) ՀՈՍՊԻՏԱԼԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ
1. Հոգեկան խանգարումներով տառապող անձն առանց իր կամ օրինական ներկայացուցչի համաձայնության կարող է հոսպիտալացվել միայն օրենքով նախատեսված դեպքերում:
1.1. Հոգեբուժական կազմակերպություն հոսպիտալացվող անձն իրավունք ունի`
1) մայրենի կամ իրեն հասկանալի այլ լեզվով տեղեկություններ ստանալու իր իրավունքների, ազատությունների և պարտականությունների վերաբերյալ.
2) օգտվելու առողջության պահպանման իրավունքից, այդ թվում` ստանալու բավարար սնունդ, անհետաձգելի բժշկական օգնություն, ինչպես նաև զննության ենթարկվելու իր նախընտրած բժշկի կողմից սեփական միջոցների հաշվին.
3) օգտվելու իր նկատմամբ բարեկիրթ, անձը չնվաստացնող վերաբերմունքից.
4) իր իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով, անձամբ կամ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմելու հոգեբուժական կազմակերպության ղեկավարին, նրա վերադաս մարմնին, դատարան, դատախազություն, մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական միավորումներին և կուսակցություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին կամ կազմակերպություններին.
5) օգտվելու սոցիալական ապահովության իրավունքից.
6) ստանալու իրավաբանական օգնություն.
7) օգտվելու անձնական անվտանգության ապահովման իրավունքից.
8) հաղորդակցվելու արտաքին աշխարհի հետ թերթերի և ամսագրերի միջոցով` հաստատելով նամակագրական կապ, հանդիպելով այցելուների հետ.
9) հանգստի, ներառյալ` բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության և ութժամյա գիշերային քնի իրավունքը, որի ընթացքում արգելվում է նրան ներգրավել բժշկական կամ այլ գործողություններում.
10) կոչվելու իր անվամբ կամ ազգանվամբ.
11) անձնական ընդունելության խնդրանքով դիմելու հոգեբուժական կազմակերպության ղեկավարին, դրա գործունեության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններին.
12) կնքելու քաղաքացիաիրավական գործարքներ, բացառությամբ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված սահմանափակումների:
1.2. Սույն հոդվածի 1.1-րդ մասի 8-րդ, 9-րդ (բացառությամբ հանգստի և ութժամյա գիշերային քնի իրավունքի) և 12-րդ կետերով սահմանվող իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով կամ հետազոտող բժշկի կամ հոգեբուժական հանձնաժողովի կողմից, եթե դրանց իրականացումը վտանգ է ներկայացնում հիվանդի կամ հասարակության համար կամ խոչընդոտում է բժշկական հետազոտությանը կամ փորձաքննությանը: Հոգեբուժական հանձնաժողովի կամ հետազոտող բժշկի կայացրած որոշումները պետք է լինեն պատճառաբանված և պարտադիր ամրագրվեն բժշկական փաստաթղթերում:
2. Ոչ հոժարակամ (հարկադիր) հոսպիտալացման և հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում հոգեբույժի որոշմամբ հոգեկան խանգարմամբ տառապող անձի նկատմամբ կարող են կիրառվել ֆիզիկական զսպման (գոտիներ, հատուկ հագուստներ) ու մեկուսացման միջոցներ, հանդարտեցման բժշկական մեթոդներ, որոնց կիրառման և տևողության մասին բժշկական փաստաթղթերում կատարվում է պատճառաբանված գրառում:
(22-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-127-Ն)