Հոդված 22. ՈՉ ՀՈԺԱՐԱԿԱՄ (ՀԱՐԿԱԴԻՐ) ՀՈՍՊԻՏԱԼԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ
Հոդված 22. ՈՉ ՀՈԺԱՐԱԿԱՄ (ՀԱՐԿԱԴԻՐ) ՀՈՍՊԻՏԱԼԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ
1. Հոգեկան խանգարումներով տառապող անձն առանց իր կամ օրինական ներկայացուցչի համաձայնության կարող է հոսպիտալացվել հոգեբուժական հիվանդանոց կամ այլ հոգեբուժական կազմակերպություն միայն օրենքով նախատեսված դեպքերում:
1.1. Հոգեբուժական կազմակերպություն հոսպիտալացվող անձն իրավունք ունի`
1) մայրենի կամ իրեն հասկանալի այլ լեզվով տեղեկություններ ստանալու իր իրավունքների, ազատությունների և պարտականությունների վերաբերյալ.
2) օգտվելու առողջության պահպանման իրավունքից, այդ թվում` ստանալու բավարար սնունդ, անհետաձգելի բժշկական օգնություն, ինչպես նաև զննության ենթարկվելու իր նախընտրած բժշկի կողմից սեփական միջոցների հաշվին.
3) օգտվելու իր նկատմամբ բարեկիրթ, անձը չնվաստացնող վերաբերմունքից.
4) իր իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով, անձամբ կամ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմելու հոգեբուժական կազմակերպության ղեկավարին, նրա վերադաս մարմնին, դատարան, դատախազություն, մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական միավորումներին և կուսակցություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին կամ կազմակերպություններին.
5) օգտվելու սոցիալական ապահովության իրավունքից.
6) ստանալու իրավաբանական օգնություն.
7) օգտվելու անձնական անվտանգության ապահովման իրավունքից.
8) հաղորդակցվելու արտաքին աշխարհի հետ թերթերի և ամսագրերի միջոցով` հաստատելով նամակագրական կապ, հանդիպելով այցելուների հետ.
9) հանգստի, ներառյալ` բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության և ութժամյա գիշերային քնի իրավունքը, որի ընթացքում արգելվում է նրան ներգրավել բժշկական կամ այլ գործողություններում.
10) կոչվելու իր անվամբ կամ ազգանվամբ.
11) անձնական ընդունելության խնդրանքով դիմելու հոգեբուժական կազմակերպության ղեկավարին, դրա գործունեության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններին.
12) կնքելու քաղաքացիաիրավական գործարքներ, բացառությամբ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված սահմանափակումների:
1.2. Սույն հոդվածի 1.1-րդ մասի 8-րդ, 9-րդ (բացառությամբ հանգստի և ութժամյա գիշերային քնի իրավունքի) և 12-րդ կետերով սահմանվող իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով կամ հետազոտող բժշկի կամ հոգեբուժական հանձնաժողովի կողմից, եթե դրանց իրականացումը վտանգավոր է հիվանդի կամ հասարակության համար կամ խոչընդոտում է բժշկական հետազոտությանը կամ փորձաքննությանը: Հոգեբուժական հանձնաժողովի կամ հետազոտող բժշկի կայացրած որոշումները պետք է լինեն պատճառաբանված և պարտադիր ամրագրվեն բժշկական փաստաթղթերում:
2. Ոչ հոժարակամ (հարկադիր) հոսպիտալացման և հոգեբուժական կազմակերպության ընդհանուր հսկողության կամ հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքներում գտնվելու ընթացքում հոգեբույժի որոշմամբ հոգեկան խանգարմամբ տառապող անձի նկատմամբ կարող են կիրառվել ֆիզիկական զսպման (գոտիներ, հատուկ հագուստներ) ու մեկուսացման միջոցներ, հանդարտեցման բժշկական մեթոդներ, որոնց կիրառման և տևողության մասին բժշկական փաստաթղթերում կատարվում է պատճառաբանված գրառում:
(22-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-127-Ն, խմբ. 07.10.09 ՀՕ-185-Ն)