Հոդված 6. ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 6. ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
1. Հոգեբուժական հիվանդություններով տառապող անձանց հոգեբուժական օգնությունը երաշխավորվում է օրենքի, մարդասիրության և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների հիման վրա:
2. Հոգեկան խանգարումներ ունեցող անձինք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքները և ազատությունները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Հոգեկան խանգարումներ ունեցող անձինք, մասնավորապես, իրավունք ունեն`
1) հաստատելու նամակագրական կապ.
2) օգտվելու հեռախոսակապից.
3) հանդիպելու այցելուների հետ.
4) ունենալու և ձեռք բերելու առաջին անհրաժեշտության իրեր ու պարագաներ, օգտվելու անձնական հագուստից.
5) հաղորդակցվելու թերթերի և լրագրերի միջոցով.
6) անմիջականորեն դիմելու բուժհաստատության ղեկավարին կամ բաժանմունքի վարիչին` բուժման, հետազոտման, դուրսգրման, օրենքով սահմանված իր իրավունքների պաշտպանության հարցերով.
7) տալու համաձայնություն և ցանկացած փուլում հրաժարվելու բուժական մեթոդներից և միջոցներից, եթե դրանք կիրառվում են գիտական կամ փորձարարական նպատակներով, ուղեկցվում են լուսա-, տեսա- և կինոնկարահանումներով.
8) պահանջելու իր ընտրած հոգեբույժ մասնագետի մասնակցությունը սույն օրենքով նախատեսված հոգեբուժական հանձնաժողովի աշխատանքներին:
3. Հիվանդանոցային բժշկական հաստատությունում բուժվող հոգեկան խանգարում ունեցող անձինք իրազեկվում են իրենց իրավունքների, հոգեբուժական հաստատությունում գտնվելու նպատակի և պատճառների մասին` դրանց վերաբերյալ նշում կատարելով բժշկական փաստաթղթերում: Հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրազեկման թերթիկի ձևը հաստատում է առողջապահության ոլորտում լիազոր պետական մարմինը:
4. Հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում հոգեկան խանգարումներով տառապող անձինք իրենց իրավունքներն իրականացնում են անձամբ կամ օրինական ներկայացուցչի միջոցով:
5. Հոգեկան խանգարումներով տառապող անձինք իրավունք ունեն քննվելու և վերաքննվելու բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից:
6. Սույն Հոդվածի 2-րդ մասի 1-7-րդ կետերում նշված իրավունքները կարող են սահմանափակել բուժող բժիշկը, բաժանմունքի վարիչը կամ տնօրենը, եթե դրանց իրականացումը վտանգ է ներկայացնում հիվանդի կամ շրջապատի համար: Նշված հիմքերով իրավունքների սահմանափակման մասին նույն օրը իրազեկվում է հոգեկան հիվանդությամբ տառապող անձը և համապատասխան գրառում է կատարվում բժշկական փաստաթղթերում: Նշված հիմքերի վերացման դեպքում հոգեբուժական կազմակերպությունը պարտավոր է նույն օրը սահմանափակումների վերացման մասին տեղեկացնել հիվանդին` համապատասխան նշում կատարելով բժշկական փաստաթղթերում:
7. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված` հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրականացման ընթացակարգերը (այսուհետ` իրավունքների իրականացման ընթացակարգ) սահմանվում են սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածով:
(6-րդ հոդվածը լրաց. 17.05.10 ՀՕ-89-Ն)