Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-07-01-ից մինչև 2021-08-16։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

Հոդված 13. Ապաստանի հայցը

գործել է մինչև 2021-08-16Բացել ARLIS-ում

Հոդված 13. Ապաստանի հայցը

1. Ապաստանի հայցը օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու նպատակով սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված մարմիններին ներկայացված խնդրանք է կամ դիմում:

2. Ապաստանի խնդրանք է համարվում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմին) կազմում գործող Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերին (այսուհետ` Սահմանապահ զորքեր), իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ լիազոր մարմնին, ինչպես նաև Ոստիկանության, կամ եթե անձը գտնվում է ազատազրկման վայրում՝ ազատազրկման վայրի վարչակազմին բանավոր, գրավոր, ժեստերի լեզվով կամ հաղորդակցության որևէ այլ միջոցով առերես արված ցանկացած հայտարարություն, որն արտահայտում է Հայաստանի Հանրապետությունում պաշտպանություն գտնելու նրա ցանկությունը: Սույն մարմինները նաև պարտավոր են տրամադրել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում ապաստանի հայց ներկայացնելու հնարավորության մասին այն անձանց, որոնք, հնարավոր է, որ ապաստանի կարիք ունեն:

3. Ապաստանի դիմումը օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից ապաստանի ստացման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում լիազոր մարմնին ներկայացված գրավոր խնդրանքն է: Դիմումի ձևը հաստատում է Կառավարությունը: Ապաստանի դիմումը կարող է ներկայացվել ինչպես հաջորդելով ապաստանի խնդրանքին` սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ապաստան հայցելու գործընթացն ավարտելու նպատակով, այնպես էլ անմիջապես՝ առանց ապաստանի խնդրանքի:

4. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված` ապաստան հայցող ամբողջ ընտանիքի համար ապաստանի խնդրանքը և դիմումը կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ընտանիքի որևէ անդամ, ինչը, սակայն, չի սահմանափակում ընտանիքի մյուս անդամների` սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով անձնական պատճառների հիման վրա անհատական դիմումներ ներկայացնելու իրավունքը:

(13-րդ հոդվածը լրաց. 16.12.15 ՀՕ-193-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-292-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։