Հոդված 25
Հոդված 25.
Շինարարության ավարտական ակտը և շահագործման թույլտվությունը
(վերնագիրը խմբ. 19.06.15 ՀՕ-89-Ն)
1. Շենքերի, շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը փաստագրվում է շինարարության ավարտական ակտով (այսուհետ` ավարտական ակտ)` տվյալ օբյեկտի շինարարության թույլտվության համար հիմք հանդիսացող հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված՝ շինարարության թույլտվություն պահանջող բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո:
Ավարտական ակտը տալիս է համայնքի ղեկավարը քաղաքաշինական բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից համակարգվող քաղաքաշինական թույլտվությունների առցանց տրամադրման համակարգի միջոցով` Կառավարության սահմանած կարգով, որը հիմք է ավարտված օբյեկտի և դրա կազմում առանձնացված միավորների նկատմամբ իրավունքների գրանցման համար:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատանքներն ավարտելուց և հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված այլ աշխատանքները կառուցապատողի կողմից վերջինիս միջոցների հաշվին իրականացնելուց հետո օբյեկտը շահագործման է ընդունվում շահագործման թույլտվության ձևակերպմամբ: Շահագործման թույլտվությունը տալիս է համայնքի ղեկավարը` Կառավարության սահմանած կարգով:
Ավարտված շինարարական օբյեկտի շահագործումը թույլատրվում է միայն շահագործման թույլտվությունը ձևակերպելուց հետո:
3. Շինարարական օբյեկտի շահագործումն իրականացվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` օբյեկտի սեփականատիրոջ (սեփականատերերի) և (կամ) օգտագործողի միջոցների հաշվին: Շենքերի, շինությունների շահագործման նվազագույն պարտադիր նորմերը սահմանում է Կառավարությունը:
(25-րդ հոդվածը խմբ. 11.12.02 ՀՕ-494-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-7-Ն, փոփ., լրաց. 23.06.11 ՀՕ-226-Ն, խմբ. 19.06.15 ՀՕ-89-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-265-Ն, լրաց. 26.05.21 ՀՕ-233-Ն)
(26.05.21 ՀՕ-233-Ն օրենքն ունի անցումային դրույթ)