Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-01-23-ից մինչև 2005-09-03։Բացել գործող տեքստը
Գլուխ VII · ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ, ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Հոդված 17

գործել է մինչև 2005-09-03Բացել ARLIS-ում

Հոդված 17.

Քաղաքաշինական փաստաթղթերը

Քաղաքաշինական փաստաթղթերը քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց են և բաժանվում են երեք խմբի` քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր, գոտիավորման փաստաթղթեր և ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր:

Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման, փոփոխման, ինչպես նաև դրանց հրապարակային քննարկումների կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հաստատված քաղաքաշինական փաստաթղթերը հիմք են հանդիսանում քաղաքաշինական գործունեության վերահսկողության ու վիճելի հարցերի լուծման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր սուբյեկտների համար:

Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը մշակվում են Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների, դրանց խմբերի կամ առանձին հատվածների համար և քաղաքաշինական պլանավորման միջոցով սահմանում են կենսագործունեության բարենպաստ տարածական միջավայրի ձևավորման, տարաբնակեցման, տարածքների նպատակային օգտագործման և կայուն զարգացման հիմնական ուղղություններն ու պայմանները:

Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր են`

ա) Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման և տարածքային կազմակերպման գլխավոր ուրվագծերն ու նախագծերը.

բ) Հայաստանի Հանրապետության մարզերի, տարածաշրջանների, ինչպես նաև մեկից ավելի համայնքների տարածքներ ընդգրկող տարածքային հատակագծման ուրվագծերն ու նախագծերը.

գ) Երևանի գլխավոր հատակագիծը.

դ) Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերը.

ե) բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերը.

զ) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության գոտիների նախագծերը.

է) քաղաքաշինական հայեցակարգերը, կանխատեսումները և ծրագրերը.

ը) բնօգտագործման, արտադրողական ուժերի, ինժեներատրանսպորտային և սոցիալական ենթակառուցվածքների տարածքային կազմակերպման ուրվագծերն ու նախագծերը հանրապետության և առանձին վարչատարածքային միավորների կամ դրանց խմբերի համար.

թ) բնակավայրերի և գործառական տարածքների գլխավոր հատակագծերը.

ժ) մանրամասն հատակագծման նախագծերը:

Սույն հոդվածի հինգերորդ մասի «ա»-«դ» կետերով սահմանված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և տասներեքերորդ մասով սահմանված գոտիավորման փաստաթղթերի մշակումը պարտադիր է:

Սույն հոդվածի հինգերորդ մասի «ե»-«զ» կետերով սահմանված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը մշակվում են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

Սույն հոդվածի հինգերորդ մասի «է»-«ժ» կետերով սահմանված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը մշակվում են ըստ անհրաժեշտության` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև քաղաքաշինական գործունեության այլ սուբյեկտների պատվերով: Վերջիններս պարտավոր են նախագծման առաջադրանքներն ու քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը համաձայնեցնել շահագրգիռ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթի նախագծման առաջադրանքում պարտադիր կարգով հաշվի են առնվում հաստատված այլ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի դրույթները:

Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի դրույթները հաշվի են առնվում ճյուղային, պետական նպատակային և համայնքային սոցիալ-տնտեսական և տարածքային զարգացման ծրագրերի մշակման ընթացքում` տվյալ ծրագրին առնչվող մասով:

Համաձայնեցված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը հաստատում է պատվիրատուն, ընդ որում, սույն հոդվածի վեցերորդ մասով պարտադիր մշակման ենթակա քաղաքաշինական փաստաթղթերի պատվիրատու են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությունը` սույն հոդվածի հինգերորդ մասի «ա»-«գ» կետերով սահմանված քաղաքաշինական փաստաթղթերի մասով.

բ) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները` սույն հոդվածի հինգերորդ մասի «դ» կետով սահմանված` քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և տասներեքերորդ մասով սահմանված գոտիավորման փաստաթղթերի մասով:

Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով անշարժ գույքի օգտագործման պայմանները չեն կարող հակասել հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով սահմանված պահանջներին:

Գոտիավորման փաստաթղթեր են`

ա) հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաները.

բ) բնակավայրերի, դրանց առանձին մասերի, բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող կառուցապատված կամ կառուցապատման ենթակա տարածքների գոտիավորման նախագծերը (այսուհետ` գոտիավորման նախագծեր):

Հողերի գոտիավորման և օգտագործման սխեման մշակվում է համայնքի վարչական սահմաններում գտնվող բոլոր հողատարածքների համար և հանդիսանում է քաղաքաշինական ու հողաշինարարական միացյալ (կոնսոլիդացված) փաստաթուղթ:

Քաղաքային և գյուղական համայնքների վարչական սահմաններում ընդգրկված տարածքների համար հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաները մշակվում են սույն հոդվածի հինգերորդ մասի "դ" կետով սահմանված համայնքների գլխավոր հատակագծերի, իսկ Երևան քաղաքի համար` Երևանի գլխավոր հատակագծի նախագծի կազմում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Գյուղական համայնքների և մինչև 15 հազար բնակչություն ունեցող քաղաքային համայնքների համար գոտիավորման նախագծերը մշակվում են հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների հետ համատեղված:

Գոտիավորման փաստաթղթերը մշակվում են քաղաքային և գյուղական համայնքների համար` համայնքի ղեկավարի, Երևան քաղաքի կամ դրա առանձին հատվածների համար` Երևանի քաղաքապետի կողմից կազմված նախագծման առաջադրանքի հիման վրա ու նրանց պատվերով:

Գոտիավորման փաստաթղթերը հաստատում է պատվիրատուն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հաստատված գոտիավորման փաստաթղթերը, ինչպես նաև դրանցում կատարված փոփոխությունները ենթակա են հրապարակման և պետք է հասանելի լինեն քաղաքաշինական գործունեության բոլոր սուբյեկտների համար:

Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր են`

ա) կառուցապատման նախագծերը.

բ) բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծերը.

գ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով առանձին հողակտորների գործառական նշանակության, չափերի և սահմանների փոփոխման, շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման (ներառյալ` քանդման) նախագծերը.

դ) տարածքներում կենսագործունեություն ապահովող ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների և դրանց մասերի նախագծերը:

Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար կառուցապատողին տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք, որը, ելնելով հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և քաղաքաշինական կանոնադրության պահանջներից, սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման ու շինարարության պարտադիր պայմաններ, պահանջներ և սահմանափակումներ:

Ճարտարապետահատակագծային առաջադրանքը համայնքում տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի սահմաններից դուրս գտնվող տարածքներում` մարզպետը, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:

Նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով պատվիրատուի կողմից նախագծային փաստաթղթեր մշակողին տրվող նախագծային առաջադրանքը չի կարող հակասել ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջներին:

Համաձայնեցված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը հաստատում է քաղաքաշինական օբյեկտի սեփականատերը կամ նրա լիազորած անձը:

(17-րդ հոդվածը խմբ. 11.12.02 ՀՕ-494-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։