Հոդված 14.3. Քաղաքաշինական գործունեության և հողօգտագործման կանոնակարգումը համայնքի վարչական սահմաններում
Հոդված 14.3. Քաղաքաշինական գործունեության և հողօգտագործման կանոնակարգումը համայնքի վարչական սահմաններում
Համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգվում է բնակավայրի գլխավոր հատակագծով (բացառությամբ թաղային համայնքների) և գոտիավորման նախագծերով:
Համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը` տարածքային ռեսուրսների և կառուցապատման փաստացի վիճակի վերլուծության և համալիր գնահատականի հիման վրա հիմնավորում և ամրագրում է համայնքի տարածքային զարգացման ուղղությունները, որոշում է սոցիալական, մշակութային, արդյունաբերական, գյուղատնտեսական, բնապահպանական, ինժեներական և տրանսպորտային համակարգերի տեղադրման ու զարգացման, բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքի պաշտպանության, բնական լանդշաֆտների, բնության հուշարձանների, պատմամշակութային ժառանգության պահպանման միջոցառումները, հիմնական (բազային) գոտիավորմամբ կանոնակարգում է բնակավայրի (բնակավայրերի) և դրա (դրանց) սահմաններից դուրս քաղաքաշինական գործունեության օբյեկտ հանդիսացող տարբեր նպատակային և գործառական նշանակության հողերի օգտագործման խնդիրները, սահմանում է դրանց նկատմամբ պարտադիր պահանջները և տարածքների իրացման և կառուցապատման հերթականությունը:
Համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերն առաջին անգամ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ դրանց փոփոխությունները (առանց հողերի նպատակային նշանակության փոփոխության) իրականացնում են ըստ անհրաժեշտության և հաստատում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Բնակավայրերի, դրանց առանձին մասերի, բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող քաղաքաշինական նպատակներով նախատեսված տարածքների գոտիավորումն ըստ օժանդակ գոտիների կանոնակարգվում է գոտիավորման նախագծերով (այսուհետ՝ գոտիավորման նախագիծ)` «սահմանված գոտի-թույլատրելի օգտագործում (կառուցապատում)» սկզբունքով, համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծով (այսուհետ` բնակավայրի գլխավոր հատակագիծ) սահմանված հիմնական (բազային) գոտիավորման հիման վրա:
Մինչև տասնհինգ հազար բնակչություն ունեցող համայնքներում գոտիավորման նախագիծը կազմվում է բնակավայրի, ինչպես նաև բնակավայրից դուրս գտնվող կառուցապատված կամ կառուցապատման ենթակա բոլոր տարածքների համար` բնակավայրի գլխավոր հատակագծի կազմում:
Տասնհինգ հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքներում գոտիավորման նախագիծը կազմվում է բնակավայրի գլխավոր հատակագծով առաջնահերթ կառուցապատման համար առանձնացված տարածքների համար:
Թաղային համայնքների գոտիավորման նախագծերը մշակվում են Երևանի գլխավոր հատակագծով սահմանված հաջորդականությամբ և ժամկետներում:
Համայնքի վարչական սահմաններում (բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված տարածքների) հողօգտագործումը կանոնակարգվում է հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներով` Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
(14.3 հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-167-Ն)
(Գլուխը լրաց. 11.12.02 ՀՕ-494-Ն)