Հոդված 14. Հանձնաժողովի որոշումները
Հոդված 14. Հանձնաժողովի որոշումները
1. Հանձնաժողովն օրենքով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում ընդունում է որոշումներ՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, անհատական իրավական ակտեր, ներքին իրավական ակտեր:
2. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի նիստում, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ գրավոր քվեարկությամբ։
3. Հանձնաժողովի որոշումն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանձնաժողովի առնվազն երեք անդամ: Քվեարկությունից ձեռնպահ մնալը կամ ձայնի փոխանցումը հանձնաժողովի մեկ այլ անդամի չի թույլատրվում: Որոշմանը դեմ քվեարկելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է հատուկ կարծիք՝ նիստի ընթացքում քվեարկությունից անմիջապես հետո բանավոր կարգով, իսկ գրավոր քվեարկության դեպքում՝ քվեարկության հետ միաժամանակ գրավոր կարգով:
4. Հանձնաժողովի գրավոր որոշումներն ստորագրում է հանձնաժողովի նիստը նախագահողը:
5. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են գրավոր, բացառությամբ դռնփակ նիստ գումարելու, օրակարգը հաստատելու, հարցը քննարկումից հանելու, քննարկումը հետաձգելու, օրակարգում լրացուցիչ հարց ընդգրկելու, արձանագրային հանձնարարականներ տալու, նիստից հեռացնելու մասին որոշումների և նիստի անցկացմանն առնչվող ընթացակարգային բնույթ կրող այլ հարցերի։
6. Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշում ընդունելու դեպքում հանձնաժողովը կարող է խախտում կատարած անձի գույքի վրա կիրառված տուգանքի չափով նույն կամ մինչև այդ որոշման անբողոքարկելի դառնալն ընդունված առանձին որոշմամբ կիրառել արգելանք, եթե նման որոշում չկայացնելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել պատասխանատվության միջոց կիրառելու մասին հանձնաժողովի որոշման կատարումը:
7. Պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշումը՝ արգելանքը կիրառելու մասով, կամ առանձին ընդունված արգելանք կիրառելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է անհապաղ կատարման հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից:
8. Արգելանք դնելու մասին որոշումը հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ներկայացվում հանձնաժողովի նախագահի գրությամբ, որում նշվում են՝
1) հանձնաժողովի անվանումը.
2) գրությունը ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը.
3) արգելանք դնելու մասին որոշման ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը.
4) արգելանք դնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու տարին, ամիսը և ամսաթիվը.
5) արգելադրման ենթակա գումարի չափը.
6) պարտապանի անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման հասցեն, անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը, գտնվելու վայրի հասցեն և պետական գրանցման համարը կամ հարկ վճարողի հաշվառման համարը:
9. Արգելանք դնելու մասին որոշումը հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելու վերաբերյալ գրությունը հանձնաժողովի նախագահի գրությամբ հետ է պահանջվում, եթե՝
1) խախտումը կատարած անձի՝ հանձնաժողովի որոշմամբ սահմանված տուգանքը վճարելու պարտավորությունը դադարել է.
2) հանձնաժողովի որոշումը ճանաչվել է անվավեր կամ ուժը կորցրած:
10. Արգելանք դնելու մասին հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել: Որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը:
(հոդվածը 11.04.24 ՀՕ-185-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից)