Հոդված 36. Հանրային ծառայությունների ոլորտում հնարավոր իրավախախտման վերաբերյալ հաղորդման կամ դիմում-բողոքի քննարկման կարգը
Հոդված 36. Հանրային ծառայությունների ոլորտում հնարավոր իրավախախտման վերաբերյալ հաղորդման կամ դիմում-բողոքի քննարկման կարգը
1. Հանրային ծառայությունների ոլորտում հնարավոր իրավախախտման վերաբերյալ հաղորդումը (այսուհետ՝ հաղորդում) կամ դիմում-բողոքը քննարկվում է այն հանձնաժողով մուտքագրվելու օրվանից հետո՝ երեսնօրյա ժամկետում։
2. Եթե հաղորդմամբ կամ դիմում-բողոքով ներկայացված հարցը լրիվ կամ մասնակի ենթակա է այլ վարչական մարմնի իրավասությանը, ապա հանձնաժողովն այն ամբողջությամբ կամ համապատասխան մասով մուտքագրվելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում վերահասցեագրում է իրավասու մարմնին` ծանուցելով դիմողին:
3. Եթե հաղորդմամբ կամ դիմում-բողոքով ներկայացված հարցը դուրս է ինչպես հանձնաժողովի, այնպես էլ այլ մարմնի իրավասությունից, կամ հստակ չէ ներկայացված պահանջը, ապա հանձնաժողովը հաղորդումը կամ դիմում-բողոքը կից փաստաթղթերով մուտքագրվելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է դիմողին` նշելով պատճառների մասին:
4. Հանձնաժողովը հաղորդմամբ կամ դիմում-բողոքում ներկայացված հարցի փաստական հանգամանքների բազմակողմանի և լրիվ քննարկման համար տեղեկություններ կամ պարզաբանումներ ստանալու նպատակով կարող է դիմողից, կարգավորվող անձից, իրավասու այլ մարմնից կամ կազմակերպությունից պահանջել ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկություններ։
5. Հանձնաժողովը հաղորդման կամ դիմում-բողոքի քննարկման համար անհրաժեշտ փաստական հանգամանքներ պարզելու նպատակով լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ ստանալու նպատակով կարող է առավելագույնը 15 օրով երկարաձգել հաղորդման կամ դիմում-բողոքի քննարկման ժամկետը՝ այդ մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցելով դիմողին։
6. Ճյուղային օրենքներով իր իրավասությանն առնչվող և դրանց հիման վրա ընդունված՝ հանձնաժողովի իրավական ակտերի հնարավոր խախտումների բացահայտման դեպքում, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի, հանձնաժողովի նախաձեռնությամբ հարուցվում է վարչական վարույթ՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցելով դիմողին և հնարավոր խախտում կատարած անձին։
7. Հաղորդման կամ դիմում-բողոքի քննարկման արդյունքներով դիմողին տրվում է գրավոր պարզաբանում, եթե՝
1) բացակայում է խախտումը.
2) քննարկվող հարցի վերաբերյալ առկա է վարչական կամ դատական ակտ, կամ հարցը վարչական կամ դատական քննության փուլում է.
3) անձն օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով ենթակա է ազատման պատասխանատվությունից.
4) արարքը, իրավակարգավորման փոփոխությամբ պայմանավորված, դադարել է իրավախախտում համարվելուց.
5) կարգավորվող անձը սպառողին կամ դիմող անձին վճարել է խախտման համար հանձնաժողովի հաստատած կանոններով նախատեսված տույժը․
6) լրացել է պատասխանատվության ենթարկելու՝ սույն օրենքով սահմանված վաղեմության ժամկետը.
7) կարգավորվող անձը լուծարվել կամ մահացել է․
8) դիմում-բողոքը ներկայացրել է ոչ շահագրգիռ անձը.
9) դիմումով առաջադրված հարցը դուրս է հանձնաժողովի իրավասությունից։
8. Եթե դիմում-բողոք ներկայացրած անձը հրաժարվել է դրանից կամ հայտնել խնդրի կարգավորման մասին, ապա հանձնաժողովը դիմում-բողոքի քննարկման ընթացքը դադարեցնում է։
9. Կառավարության լիազոր մարմնի հաղորդման առկայության դեպքում, որով առերևույթ հիմնավորվում է, որ վտանգվել է կամ կարող է վտանգվել Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ հավանական խախտումը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման, հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ անհապաղ, բայց ոչ ուշ, քան հաղորդումը ստանալուց հետո՝ հինգօրյա ժամկետում, հարուցվում է վարչական վարույթ։ Վարչական վարույթ հարուցելու մասին որոշմամբ կարող են կիրառվել «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-ին հոդվածով սահմանված կանխարգելիչ միջոցառումները։ Սույն մասով սահմանված դեպքում չեն կիրառվում սույն հոդվածով նախատեսված այլ կարգավորումները: Հանձնաժողովի նախագահի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա է անհապաղ կատարման, և դրա բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը կամ կատարումը։
(36-րդ հոդվածը լրաց. 03.07.25 ՀՕ-195-Ն)
(03.07.25 ՀՕ-195-Ն օրենքն ունի անցումային դրույթ)