Հոդված 3. Հիմնական դրույթներ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների վերաբերյալ
Հոդված 3. Հիմնական դրույթներ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների վերաբերյալ
1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (այսուհետ` ընկերություն) է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է ընկերության կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի:
2. Ընկերությունն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող առևտրային կազմակերպություն է:
3. Ընկերությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
4. Ընկերությունն ունի օրենքով չարգելված քաղաքացիական այնպիսի իրավունքներ, որոնք անհրաժեշտ են նրա գործունեության իրականացման համար, եթե դա չի հակասում ընկերության կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկային և նպատակներին:
5. Ընկերությունն իրավունք ունի սահմանված կարգով բացել բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս:
6. Ընկերությունը կարող է ունենալ կլոր կնիք: Կնիքը պետք է պարունակի հայերենով իր ֆիրմային անվանումը, ինչպես նաև օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) սահմանած այլ վավերապայմաններ: Ընկերության կնիքը կարող է պարունակել նաև ընկերության անվանումը կամ ֆիրմային անվանումն օտար լեզուներով, ինչպես նաև նրա ապրանքային նշանի պատկերը կամ խորհրդանիշը:
7. Ընկերությունը կարող է ունենալ իր անվանումը կամ ֆիրմային անվանումը պարունակող ձևաթղթեր, խորհրդանիշ, ապրանքային նշան և անհատականացման այլ միջոցներ:
8. Ընկերության գտնվելու վայրը, նրա մշտական գործող մարմնի` կանոնադրությամբ սահմանված գործադիր մարմիններից որևէ մեկի գտնվելու վայրն է: Ընկերության գտնվելու վայրով իրականացվում է ընկերության պետական գրանցումը: Ընկերության գտնվելու վայրով փոստի և այլ թղթակցությունների առաքումը համարվում է պատշաճ առաքում:
(3-րդ հոդվածը խմբ. 04.11.02 ՀՕ-455-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-42-Ն, խմբ. 21.12.10 ՀՕ-218-Ն)